Վարչապետն ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ առկա խնդիրները /ֆոտո/
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի շուրջ քննարկում, որին մասնակցել են Ազգային ժողովի Հանրապետական, “Բարգավաճ Հայաստան”, “Օրինաց Երկիր”, ՀՅԴ և “Ժառանգություն” խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քաղաքական համագործակցության նման ձևաչափի անհրաժեշտությունը և կարևորել դրա շարունակականությունը: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անհրաժեշտ են համարել ուրվագծել խորհրդարանական ուժերի և կառավարության բաց, անկաշկանդ համագործակցության ուղիները, այդ թվում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ, ինչը կնպաստի երկրում վստահության ամրապնդմանը:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ տարբեր հարցերի ու խնդիրների շուրջ կարևորում է խորհրդարանական խմբակցությունների հետ համագործակցությունը և պատրաստ է հետագա երկխոսության` տարբեր ձևաչափերով:
Այնուհետև տեղի ունեցած կառուցողական երկխոսության շրջանակում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց դիրքորոշումներն են արտահայտել կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ և ներկայացրել տարբեր առաջարկություններ:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ սեղմ ժամկետում նախապատրաստվելու է օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված “Կուտակային կենսաթոշակների մասին” օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումն Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը:
Վարչապետը պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները պատգամավորների և շահարգիռ կողմերի հետ՝ կենսաթոշակային համակարգում առկա խնդիրների համակողմանի լուծմանը հասնելու համար: