Վերջերս Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ Արցախ կատարած այցի ժամանակ ընդլայնված քննարկումներ է ունեցել Արցախի իշխանության ներկայացուցիչների և շարժման ակտիվիստների հետ, որտեղ, իբր, փորձել է Արցախին պարտադրել գնալ միակողմանի զիջումների:
Հարցի կապակցությամբ «
Արցախպրես»-ը զրուցել է Արցախյան շարժման ակտիվիստ Ռազմիկ Պետրոսյանի հետ, ում անունը հիշյալ հարցազրույցում հիշատակել էր Սամվել Բաբայանը՝ նրան մեղադրելով, որ, իբր, մասնակցելով այդ քննարկումներին, որևէ կերպ չի հակազդել:
«Սամվել Բաբայանը պարզաբանումների համար խորհուրդ է տվել դիմել նաև ինձ՝ որպես այդ քննարկումների մասնակցի:
Հաշվի առնելով խնդրի նրբությունն ու հասարակական հնչեղությունը՝ կարևոր եմ համարում ներկայացնել այդ քննարկումների ընդհանուր բովանդակությունը:
Նախեւառաջ, հանդիպումների ժամանակ չի եղել լուծման որևէ տարբերակի պարտադրանք: Հայաստանի Հանրապետության նախագահը պարզապես խոսել է Ադրբեջանի տեսակետի եւ պահանջների մասին: Մենք էլ մեր հերթին հնարավորություն ենք ունեցել նրան ներկայացնելու մեր տեսակետը հակամարտության կարգավորման տարբերակների և գործընթացի վերաբերյալ:
Ես ունեմ հակամարտության կարգավորման իմ տեսլականը, որն առհասարակ փոփոխության չի ենթարկվել: Դեռևս 1995 թվականին ես հրատարակել եմ մի գիրք՝ «
Զինադադար, պատերազմ, խաղաղություն» վերնագրով, որն, ի միջի այլոց, հասանելի է նաև համացանցում: Այնտեղ ես նշել եմ, որ Արցախը պետք է ունենա ընդարձակ սահման Մայր Հայաստանի և Պարսկաստանի, ինչպես նաև, բնական է, Ադրբեջանի հետ: Կարծում եմ՝ սրանով շատ բան է ասված:
Դիմելով Սերժ Սարգսյանին՝ ես ասել եմ հետևյալը. «Այստեղ նստած է Արցախի Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, մեր պետական այրերը, շարժման ակտիվիստները: Խոսելով սահմանների եւ կարգավիճակի մասին՝ ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի: Մենք մի սանտիմետր անգամ մեր սահմանը փոփոխության չենք ենթարկելու առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման, որը պետք է պաշտոնապես ընդունվի և ճանաչվի միջազգային հանրության կողմից: Իսկ մեր կարգավիճակը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախցին իր երկիրը տեսնում է կա՛մ որպես անկախ պետություն, կա՛մ Մայր Հայաստանի հետ վերամիավորված»:
Խոսելով Հայաստանի և Արցախի վրա հնարավոր ճնշումների գործադրման մասին՝ ես ընդգծել եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք դրան և ազգովի զինվենք մեր երկիրը պաշտպանելու համար: Ընդ որում՝ այստեղ ես չափազանց կաևորում եմ մեր ժողովրդի միասնականությունը և միշտ օրինակ եմ բերում 1988 թվականը, երբ հենց այդ աննախադեպ միասնականության շնորհիվ է, որ մենք հաղթեցինք: Իմիջայլոց, այդ ժամանակ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Սամվել Բաբայանը, մարդիկ, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հաղթանակների կերտման գործում, եղել են միասին:
Ուզում եմ եզրափակել հայտնի խոսքերով. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»», – ասել է Ռազմիկ Պետրոսյանը: