Արգենտինայի ԱԳ նախարարը նախագահականում էր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունները մշտապես առանձնացել են հատուկ ջերմությամբ, և երկու ժողովուրդների միջև համակրանքն ու փոխադարձ վստահությունը գոյություն են ունեցել Հայաստանի անկախացումից շատ ավելի վաղ:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ավելի խորացնելու հարաբերությունները բարեկամ Արգենտինայի հետ և հույս է հայտնել, որ արտգործնախարար Թիմերմանի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-արգենտինյան համագործակցությունը զարգացնելու և երկկողմ կապերն առավել ամրապնդելու համար:
Արտգործնախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի խոսքով, Հայաստանը Արգենտինայի համար պարզապես երկիր չէ, այլ բարեկամ երկիր, որի պատմությունը հարգանքի է արժանի: Նախարարը վստահեցրել է, որ Արգենտինայի ժողովրդի ցանկությունն է՝ խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, և իր երկրի կառավարությունն այն իրականացնելու բոլոր հնարավորություններն ունի:
Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել նաև միջազգային կառույցների շրջանակներում հայ-արգենտինյան փոխգործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով այդ ձևաչափում ևս շարունակել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների սերտացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը դրվատանքով են խոսել Արգենտինայում մեծ հեղինակություն վայելող հայ համայնքի մասին և մեծապես կարևորել համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: