25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերջին 5 տարիների ընթացքում ԵՏՄ-ն կայացել է որպես հաջող ինտեգրացիոն միություն. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան, որտեղ նրան դիմավորել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Լուսանկարման արարողությունից հետո Նիկոլ Փաշինյանը ԵՏՀ-ում հանդես է եկել ելույթով` 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ:
Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հարգարժան նախագահ,
Կոլեգիայի հարգելի անդամներ,
Նիստի հարգելի մասնակիցներ, 

Անկեղծորեն ուրախ եմ հանդիպման և ձեզ հետ ծանոթության համար։

Անցած տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունն ապացուցեց իր կայացված լինելը. հիմնական տնտեսական ցուցանիշներում արձանագրվել է դրական դինամիկա, եվրասիական ինտեգրման բազմաթիվ ուղղություններով կայացվել են կարևորագույն որոշումներ: Եվ այս առումով դժվար է գերագնահատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի աշխատանքը, ձեր աշխատանքը, ձեզնից յուրաքանչյուրի ամենօրյա ջանքերը, որոնք ուղղված են անդամ պետությունների ուղղորդմանը դեպի նպատակներ, որոնք ամրագրված են Միության հիմնարար փաստաթղթերում և պաշտոնական հռչակագրերում: Նախևառաջ, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ կատարած աշխատանքների համար, և հայտնել, որ որոշել եմ կարդալ և ստորագրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը» հենց ձեր ներկայությամբ, և մենք կարող ենք քննարկել դիմումում նշված հիմնական դրույթները, դրանց հասնելու եղանակները և 2019 թ. Եվրասիական տնտեսական միության մարմիններում առաջնահերթությունների իրականացման նպատակով տարվող աշխատանքների կազմակերպումը։

Այսպիսով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարներին ուղղված դիմումը.

2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց Եվրասիական տնտեսական միության մարմինների` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահությունը:

Հայաստանի նախագահությունը համընկնում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի հետ: Վերջին 5 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է որպես հաջող ինտեգրացիոն միություն և, չնայած առաջին տարիների դժվարություններին, ներկայումս ցույց է տալիս աևւտրային ու տնտեսական հարաբերությունների կառուցվածքի դիվերսիֆիկացման եև փոխադարձ առևտրի համոզիչ աճ:

ԵԱՏՄ անդամ երկրների համար եվրասիական ինտեգրացիան առաջնային ուղղություն է, որը թույլ է տալիս բարելավել տնտեսվարման պայմանները բիզնեսի համար, ուժեղացնել համագործակցությունը ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր գործընկերություններ ինտեգրացիոն միության տնտեսական ներուժի իրագործման համար: Մևնույն ժամանակ, բոլոր անդամ պետությունները պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի շարունակեն և ակտիվացնեն ԵԱՏՄ-ի ինստիտուցիոնալ զարգացումը: Հայաստանը, իր հերթին, կանի ամեն ինչ, որպեսզի պահպանվի ինտեգրման դրական դինամիկան, լուծվեն այն խնդիրները, որոնք կարող են լրացուցիչ խթան հանդիսանալ մեր երկրների տնտեսական աճի համար:

Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել ԵԱՏՄ մի շարք կարևոր և հրատապ խնդիրների լուծման անհրաժեշտությանը:

Եվրասիական տնտեսական միության առանցքային ինտեգրացիոն ուղղություններից է էներգետիկ ոլորտը` որպես ԵԱՏՄ տնտեսական ոլորտներում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմանների ստեղծման հիմք: Այս համատեքստում անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել նավթի, նավթամթերքի և գազի միասնական շուկաների ձեւավորման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման ծրագրերի իրականացման շուրջ: Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը և էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաև դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները:

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման ու դիվերսիֆիկացման համար, ինչը խթան կհանդիսանա միության մեջ ապրանքաշրջանառության աճի և ապրանքների արտաքին շուկաներ արտահանման , ինչպես նաեւ տարանցիկ տրանսպորտային միջանցքների զարգացման համար:

Համագործակցության կարևոր ուղղություն է անդամ պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը՝ տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտների ակտիվ զարգացման եւ միության թվային օրակարգի ամբողջական իրականացման նպատակով: ԵԱՏՄ «Թվային օրակարգը» պետք է դառնա միության կատարելագործման, դրա արդյունավետության ու գրավչության բարձրացման, վարչարարական, մաքսային և առևտրային խոչընդոտների վերացման հիմնական գործիքներից մեկը: «Թվային օրակարգի» իրագործման շրջանակներում անհրաժեշտ է խթանել ինտեգրացիոն գործընթացների խորացմանը և անդամ պետությունների տնտեսությունների ու քաղաքացիների համար ուղղակի օգուտներ ստանալուն ուղղված նախաձեռնությունները, ինչպիսիք են միության անդամ պետություններում էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը, էլեկտրոնային աշխատանքային շուկայի և նմանատիպ այլ հարթակների ստեղծումը:

Կարևոր ենք համարում միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը: Ապրանքների ու բեռների համար ժամանակակից հետագծելիության համակարգերի ներդրումը կստեղծի տեխնիկական հիմք այդպիսի ամրապնդման համար: Կարևոր է, որ այդ համակարգերը լինեն ժամանակակից ու տնտեսող, վերացնեն խոչընդոտները, այլ ոչ թե ստեղծեն դրանք: Հայաստանի համար, որը ոչ մի ընդհանուր սահման չունի ինտեգրացիոն միության հետ, թվային հետագծելիությունը կարող է երաշխիք լինել բոլոր չորս ազատությունների իրականացման համար` չստեղծելով լրացուցիչ խոչընդոտներ:

Մենք նպատակահարմար ենք համարում ավելի ակտիվ քայլեր ձեռնարկել տնտեսության և առևտրի բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների կարգավորումների եւ կանոնակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ բիզնեսի առջեւ կանգնած խոչընդոտների զգալի մասը միասնական, համակարգված եւ համաձայնեցված գործունեության կանոնների բացակայության արդյունք է:

Ոչ պակաս կարևոր է նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման անհրաժեշտությունը, որն ապահովում է աշխատանքային գործունեություն իրականացնող անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաեւ մեր երկրների զարգացմանը նպաստ բերած թոշակառուների իրավունքների արդյունավետ եւ արդարացի իրացումը:

Կարևոր է շարունակել երրորդ երկրների և միությունների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը: Իրանի եւ Չինաստանի հետ համապատասխան համաձայնագրերի իրականացումը, եւ Սինգապուրի, Սերբիայի, Եգիպտոսի, Իսրայելի և Հնդկաստանի հետ բանակցությունների ավարտը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ միության՝ համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման գործընթացի համար:

ԵԱՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրս բերմանն ուղղված միասնական ջանքերը – տնտեսության բազմաթիվ ոլորտներում միության ինքնապահովման պայմաններում – աստիճանաբար դառնում են մեր տնտեսությունների հավասարակշռված աճի ապահովման հիմնական մարտահրավերներից մեկը: Այդպիսի ջանքերը կօգնեն եվրասիական արտադրողներին համատեղ դուրս գալ արտաքին շուկաներ և կնպաստեն միության ներսում կոոպերատիվ շղթաների առաջացմանը:

Անհրաժեշտ է շարունակել ջանքերը, որոնք ուղղված են մատչելիության մակարդակի բարձրացմանը, ֆինանսական հատվածի աճին եւ կայունության ապահովմանը, ինչպես նաև այս շուկայում մրցակցության արդյունավետության բարձրացմանը և զարգացմանը: Պետք է նաեւ ձգտել միմյանց ազգային արժույթների զգալի աճ ապահովել մեր երկրների սուբյեկտների միջեւ հաշվարկներում:

Մենք համոզված ենք, որ մեր ինտեգրացիոն միավորման շրջանակներում հավասար համագործակցության զարգացումը, ի վերջո, պետք է ծառայի բիզնեսի և մարդկային ներուժի լիարժեք իրացման համար հարմարավետ միջավայր ստեղծելուն:

Արդյունավետ համագործակցության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աջակցութան ակնկալիք ունեմ 2019 թ. Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում: Հույս ունեմ, որ մեկ տարի հետո մենք կունենանք ավելի համախմբված եւ արդյունավետ միություն, որը ծառայում է մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին։

Շնորհակալություն ուշադրության համար։

Իսկ այժմ, ուրախ կլինեմ պատասխանել ձեր հարցերին»։

Այնուհետև ԵՏՀ կոլեգիայի անդամները Նիկոլ Փաշինյանին ուղղել են տարբեր հարցեր, որոնք վերաբերել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, ԵԱՏՄ զարգացմանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ