23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը,  մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ:

Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի շարք քաղաքացիներ,  առևտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից  ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռները (միրգ-բանջարեղեն, հագուստեղեն, կենցաղային ապրանքներ, ավտոյուղեր և այլն) տեղափոխել են հայ-վրացական սահմանի մոտ, կուտակել վրացական Սադախլո գյուղի տարբեր տներում կամ սահմանի չեզոք գոտում, այնուհետև մաս-մաս հայտարարագրելով որպես ֆիզիկական անձանց թույլատրելի չափաքանակով ուղեկցող բեռ, բազմաթիվ անգամներով «Բագրատաշենի» հսկիչ անցագրային կետով ներկրել են Հայաստան՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը:

Հատկանշական է, որ ապրանքները մաքսակետի տարածքում տեղակայված ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայի կողմից պատշաճ ընթացակարգով և ամբողջական ծավալով կարանտին փորձաքննության չեն ենթարկվել:

Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տևական և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի հունվարի 15-ին կանխվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում հայտնաբերվել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից մեկ օրվա ընթացքում, տարբեր անձանց ավտոմեքենաներով տեղափոխված ավելի քան 1 տոննա քաշով միրգ-բանջարեղենը:

Նախնական տվյալների համաձայն՝ բեռների ապօրինի  տեղափոխումը նշված տնտեսվարողին հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի գլխավոր մաքսային տեսուչին կաշառք տալու  միջոցով:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Մեղադրանք է առաջադրվել մաքսային ծառայության աշխատակցին և բեռների տեղափոխումը կազմակերպած անձին, նրանք կալանավորվել են:

Միջոցներ են ձեռնարկվում՝ նախկինում տեղափոխված ապրանքների ամբողջական ծավալը պարզելու, ինչպես նաև հանցավոր մեխանիզմում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ:

ԱԱԾ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ մաքսային իրավահարաբերությունների ոլորտում քրեական պատասխանատվություն ենթադրող նմանօրինակ հանցավոր սխեմաներում  ներգրավվելուց, քանի որ առանց պատշաճ մաքսային վերահսկողության հայկական շուկա ներթափանցած անհայտ ծագման, այդ թվում` ադրբեջանական և թուրքական ապրանքները նաև անմիջական սպառնալիք են` ուղղված ազգային անվտանգությանը, և միաժամանակ նախազգուշացնում է, որ մաքսային իրավահարաբերությունների ոլորտում օրինախախտումները բացահայտելու ուղղությամբ  միջոցառումները շարունակական են լինելու:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ