Զգուշացեք անգրագիտություն է, կատարյալ շիլափլավ. Հայոց աշխարհ
Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրությունների շնորհիվ մենք ստացել ենք մի խորհրդարան, որը հիրավի «ունիկալ» է Հայաստանի անկախության ողջ ժամանակամիջոցի համար։ Այն ոչ միայն չի համապատասխանում որեւէ երկրի օրենսդիր իշխանությանը ներկայացվող նվազագույն չափորոշիչներին, այլեւ դրանց հաղորդում է աղավաղված, անգամ ծաղրանկարային տեսք։ Օրենսդիր իշխանության համար պարտադիր օրինաստեղծ ու վերահսկողական գործառույթների իրականացման, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում խորհրդարանական դիվանագիտության հնարավորություններն օգտագործելու համար նոր Ազգային ժողովը պետք է պարունակեր արդի քաղաքականության մեջ մոդա թելադրող եվրոպական երկրներում գործող քաղաքական ուժերի նվազագույն գունապնակը։
Այսինքն՝ պետք է լինեին որոշակի համամասնություններ՝ ձախերի ու աջերի, սոցիալիստների ու լիբերալների միջեւ, ինչպես նաեւ պահպանողական կամ ազգային գաղափարախոսություն դավանող կուսակցությունների որոշակի ներկայացվածություն։
Դրանց կատարյալ բացակայությունը Ազգային ժողովում առաջիկայում ուղղակի անիմաստ է դարձնելու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի եւ եվրոպական մյուս կառույցների հետ բնականոն աշխատանքը։
Նոր խորհրդարանում ներկայացված երեք ուժերն էլ փաստորեն նույն քաղաքական հոսանքի տարատեսակներն են։ Այսինքն՝ նրանք բոլորն էլ օբյեկտիվորեն լիբերալ են, թեեւ իրենք էլ խորությամբ չեն հասկանում դրա բովանդակությունը, աջակողմյան են՝ ձախերի բացակայության պայմաններում եւ կենտրոնամետ՝ կենտրոնի բացակայության պայմաններում։
Այնպես որ Ազգային ժողովը առաջիկայում փաստորեն կա՛մ կորցնելու է եվրոպական սոցիալիստների, պահպանողականների եւ այլ խմբակցությունների հետ աշխատելու իրական հնարավորությունը, կա՛մ էլ իր պատգամավորներին ձեւականորեն կցելու է նրանց։
Իսկ երկրի ներսում մենք գործ ենք ունենալու գաղափարաքաղաքական կատարյալ շիլափլավի հետ։
Դատեք ինքներդ, հասկանալի է, որ մեկ օլիգարխի կուսակցությունից իրեն կենտրոնամետ ու պետականամետ ուժի կարգավիճակ շնորհող «Բարգավաճ Հայաստանը» երբեք էլ ընդդիմադիր չի դառնալու գոնե երկրի ներսում գոյություն ունեցող հարցերի հետ կապված։ Իսկ այսօր իրեն ընդդիմադիր հռչակող «Լուսավոր Հայաստանը» էլ երբեք չի կարողանալու հանրությանը համոզել, որ ինքն ընդդիմադիր է իր երեկվա գործընկերներին, որոնց «թիկունքով» է անցել խորհրդարան։
Իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների դաշտը դերաբաշխումների պարզունակ թատրոն չէ, ուր Փաշինյանը ուզած-չուզած ստիպված է իշխանություն խաղալ, իսկ Մարուքյանը՝ ընդդիմություն։ Ո՞րն է նրանց ղեկավարած կուսակցությունների գաղափարական տարբերությունը, երբ առաջինն ընդհանրապես գաղափարախոսություն չունի, իսկ երկրորդն էլ իր պարզունակ ծրագիրը զարդարելով Ֆ.Հայեկից բերված մեջբերումներով՝ փորձում է տպավորություն ստեղծել, թե հասկանում է լիբերալիզմի ուսմունքը։
Այս «լուսավորիչները» չեն հասկանում նույնիսկ իրենց կուսակցության անվանումը։ Եվ դա արդեն յուրօրինակ ավանդույթ է դառնում Հայաստանի քաղաքական դաշտում, քանի որ նախկինում էլ մեզանում եղել են նման զավեշտական դեպքեր։ Այսպես. օրերս «Լուսավորի» գաղափարախոսներից մեկը հեռուստաէկրանից հանդիսավորապես հայտարարեց, թե իրենց կուսակցությունը դավանում է «լուսավորչական գաղափարախոսությունը»։
Խոսքը, իհարկե, լուսավորականության մասին էր, բայց խորհրդարանական ընդդիմությունը դառնալու հավակնորդները մինչ օրս չգիտեն, որ լուսավորչականությունը՝ ի տարբերություն լուսավորականության, Հայ Առաքելական եկեղեցու գաղափարաբանությունն է։
Նման խեղկատակություններով լցված են նաեւ «Իմ քայլի» ծրագրային փաստաթղթերը, որոնցում գաղափարախոսական որեւէ ելակետ չկա, իսկ նրանց առաջնորդի կողմից ասպարեզ նետվող նման ելակետի կարիքը մերժող հայտարարությունները վկայում են, որ ինքը չի էլ պատկերացնում, թե ի՞նչ է քաղաքական գաղափարախոսությունը։ Իսկ առանց քաղաքական գաղափարախոսության՝ չկա քաղաքական կուսակցություն։
Նման պայմաններում ո՞ւր է տանելու «Իմ քայլը» մեր երկիրը՝ այդպես էլ մնում է անհայտ։ Իսկ այս տարրական հարցերն ըմբռնելու համար «Իմ քայլը» նախեւառաջ պարտավոր է խորհրդարանում հայտնված իր կուսակիցների համար անմիջապես բացել անգրագիտության վերացման լիկկայան։
Դա խիստ անհրաժեշտ է ոմանց, որպեսզի պատկերացնեն, որ, օրինակ, ՌԴ նախագահ Վ.Պուտինը չի կարող խանդել Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրա հետ նույն սեռի ներկայացուցիչ է, ուրեմն թերեւս պետք է խոսել «նախանձի» մասին եւ դա էլ՝ նախքան մեր ղեկավարի աննախանձելի վիճակում հայտնվելը, ինչը յոթ սարի հետեւում չէ։
Ինչո՞ւ ենք վկայաբերում այս անգրագիտության գլուխգործոցները։ Պատճառը շատ պարզ է՝ տարատեսակ կայքերը ողողված են հիմնականում՝ «Իմ քայլի», մասամբ նաեւ «Լուսավոր Հայաստանի» նոր միայն ընտրված պատգամավորներից բխող անգրագիտությունների հեղեղով, որոնց ազդեցությունից խուսափելու խնդիրն ազգային անվտանգության հիմնահարց է դառնում:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: