Ամբոխը երես է թեքում ակնհայտ իրողություններից եւ նախընտրում խոնարհվել մոլորության առջեւ. Հայոց աշխարհ
Նոր Հայաստանում օլիգարխները, ինչպես հայտնի է, ասես կախարդական փայտիկի թափահարումով հանկարծ համերաշխորեն անհետացան։ Նրանց փոխարեն հայտնվեցին խոշոր սեփականատերեր, որոնք ամուր կանգնած են ոտքերի վրա՝ իշխանության կողքին։ Եվ, դատելով դեմքերի արտահայտությունից, կողմերը միմյանցից անչափ գոհ են։ Հատկապես իշխանությունը։ Քանզի եթե ոսկե ձկնիկին գցես թավայի մեջ, ապա ցանկությունների քանակը կարող է երեքից հասնել հիսունի։
Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիները պետք է վարժվեն նրան, որ հասարակական բարոյականությունը այսուհետ շարունակ կվատթարանա։
Ընդհանրապես հասարակական բարոյականությունը կարող է խաթարվել ու բարելավվել։ Երբ Գերմանիայում իշխանության եկավ Հիտլերը, երեք-չորս տարի անց գերմանացիները վերածվեցին գազանների ու մատնիչների։ Բարոյականությունը խաթարվեց աղետալիորեն։
ԱՄՆ-ում դեռեւս մի քանի տասնամյակ առաջ ծաղկում էր ռասիզմը, փակցրած էին «Նեգրերի ու շների մուտքն արգելված է» ցուցանակներ։ Ներկայումս նման բան չկա։ Ռասիզմի համար՝ բանտ։ Բարոյականությունը, թեկուզեւ արտաքուստ, ակնհայտորեն բարելավվել է։
Մեզանում ամեն ինչ արվում է, որ այն վատթարանա։ Եվ ոչինչ չի արվում, որ բարելավվի։ Ըստ որում՝ իշխանությունների համար քիչ է թքել բոլորի կողմից ընդունված արժեքների վրա, անհրաժեշտ է դեռ մի բան էլ գովերգել ամեն տեսակի նեխվածքը, այլանդակությունը, անբարոյականությունը։
Հարկավոր է ոչ թե պարզապես պախարակել տաճարը, այլ ներբող ձոնել գերեզմանոցին ու անառականոցին։ Այնպես որ՝ պոռնիկը վերածվի սրբի, սուրբը՝ պոռնիկի։ Այդ բնագավառում հիանալի են աշխատել ժամանակին Բոդլերը, Բունյուելը, Հենրի Միլլերը, Չարլզ Բուկովսկին, Ժան Ժենեն եւ այլ մեծ վարպետներ։ Իսկ այժմ եկել է Նոր Հայաստանի իշխանավորների ժամանակը։
Հասարակության հիվանդությունները նրանք փորձում են բուժել՝ օգտագործելով կեղտոտ գործիք։ Իսկ եթե օգտվում ես կեղտոտ գործիքից, սպասիր փորձանքի։ Կտրում ես փոքրիկ թարախաբշտիկը, իսկ ստանում սեպսիս՝ արյան վարակում, մահացու ելք։
Նոր կյանքի պայմաններում անհրաժեշտ է հարմարվել նրան, որ գները մշտապես կբարձրանան, քաղաքացիների սոցիալական վիճակը կվատթարանա, իսկ նրանց հեքիաթներ կպատմեն առ այն, թե իշխանությունը վերջապես վերադարձված է ժողովրդին, թե այսուհետ հենց նա է երկրի տերը, ինչ-որ իրավունքների, արդարության եւ այլն։
Հոգեբաններին վաղուց հայտնի է, այսպես կոչված՝ «Աբրահամ Մասլոուի բուրգը», որը ցույց է տալիս մարդկանց պահանջմունքների տիպիկ հիերարխիան։
Այդ բուրգի ստորին աստիճանին ֆիզիոլոգիական պահանջներն են (սնունդ, քուն, առողջություն, ցեղի շարունակում եւ այլն)։ Երկրորդ աստիճանին՝ անվտանգության եւ կայունության պահանջմունքները։ Երրորդին՝ սիրո եւ խմբին պատկանելության պահանջմունքները, չորրորդ մակարդակում՝ ճանաչման եւ հարգանքի պահանջմունքները, իսկ ամենավերին՝ հինգերորդ աստիճանին՝ ինքնադրսեւորման պահանջմունքը։
Համաձայն Մասլոուի պատկերացման, տարբեր մարդկանց պարագայում այդ մակարդակները կարող են տարբեր դիրք գրավել, սակայն ընդհանուր միտումն այնպիսին է, որ քանի դեռ իրականացված չէ մարդու ավելի ցածր մակարդակի պահանջմունքը, նա առանձնապես չի մտորում «վերին արժեքների» մասին։
Մինչդեռ նոր պայմաններում հարկ կլինի մոռանալ «ցածր մակարդակի» պահանջմունքները եւ ապրել բացառապես «վերին արժեքներով»։ Դատելով վերջին ութ ամիսների փորձից, հպարտ քաղաքացիներին դա կհաջողվի։
«Ամբոխը երբեք չի ձգտում ճշմարտության,- իրավացիորեն նկատում է Լե Բոնը։- Նա երես է թեքում ակնհայտ իրողություններից եւ նախընտրում խոնարհվել մոլորության առջեւ, եթե միայն այդ մոլորությունը հրապուրում է նրան։ Նա, ով կարողանում է մոլորության մեջ գցել ամբոխին, հեշտությամբ դառնում է նրա տիրակալը։ Իսկ ով ձգտում է խելքի բերել ամբոխին, միշտ լինում է նրա զոհը»։
Հարկ կլինի հարմարվել նաեւ այն բանին, որ այսուհետ ամեն ինչ Նոր Հայաստանում կախված կլինի մեկ մարդու կամքից։ Ինչպես միջնադարյան Ճապոնիայում, որտեղ միկադոն՝ տիրակալը, դիտվում էր որպես տիեզերքի կենտրոն, որից բոլոր ուղղություններով տարածվում են ուժային գծեր, այնպես որ՝ նրա ամեն մի շարժումը, գլխի թեքումը, ձեռքի բարձրացումը եւ այլն, անմիջական լուրջ ազդեցություն են ունենում բնության վրա։
Լավ, եկեք չզբաղվենք բացասական կանխատեսումներով։ Չմոռանանք, որ հոգեբանության մեջ գոյություն ունի «ինքնաիրականացող բացասական կանխատեսումներ» հասկացությունը։ Այսինքն՝ իր վախերով ու մտավախություններով մարդը կարող է պատուհաս բերել սեփական գլխին։ Իսկ մեզ այս նոր պայմաններում, եթե Աստված կամենա, դեռ վիճակված է ապրել։
Եվ հետո, կյանքը բարդ բան է։ Հիշո՞ւմ եք պատմությունը այն մարդու մասին, որը գանգատվում էր, թե ուտելիքն իր իջեւանած հյուրանոցում «սառն էր, հում, նողկալի, ըստ որում՝ բաժինները չափազանց փոքր էին»։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: