23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այսօր ալարում են ծրագիր գրել և ընկնում են լայքերի հետևից. Թևան Պողոսյան

Նոր խորհրդարանը չպետք է լինի գործադիրի որոշումների ուղղակի հաստատողը, այլ կառավարության  վրա պետք է  վերահսկողություն իրականացնի, որպեսզի չլինի շեղում այն ծրագրերից, որոնց ժողովուրդը ձայն է  տվել: «Հատկապես, երբ այսօրվա կանոնակարգ-օրենքով լայն հնարավորություններ են տրված»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ նշելով, որ այս օրերին գործադիրն այդ գործառույթն իր վրա է վերցրել՝ ժողովուրդը ոնց ասի, այնպես էլ կանենք: 

Մեր դիտարկմանը, որ, որոշ քաղաքագետների կարծիքով,  արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը դարձյալ չի լինելու գաղափարական, ժողովուրդն անձերին է ձայն տալու,  Թևան Պողոսյանը պատասխանեց. «Քաղաքական գործչին ասում ես՝ ինչո՞ւ ծրագրերից չես խոսում, պատասխանում է՝ ժողովրդին դա չի հետաքրքրում: Մեղքը գցում են ժողովրդի ցանկության վրա: Իր հերթին, ժողովուրդն էլ ասում է՝ ո՞նց ընտրենք, երբ մի գաղափար չկա, ստիպված անձերից ենք ընտրություն կատարում: Քաղաքական գործիչները պետք է հասկանան, որ իրենք ունեն պարտականություն՝ փոխել այդ մշակույթը: Եթե շատ խոսի և պահի ժողովրդին ծրագրերի մեջ, ժողովուրդն իր վարքագիծն  ուշ թե շուտ կփոխի: Բայց այսօր ալարում են ծրագիր  գրել և ընկնում են լայքերի հետևից»:

Այս համատեքստում  Պողոսյանը նշեց, որ սոցցանցային և դրանից դուրս բանավեճերը պետք է ոչ թե ծառայեն միմյանց սևացնելու, այլ սեփական ծրագիրը ներկայացնելու գործին: Ավելին՝ քարոզարշավի ընթացքում բանավեճերի մասնակիցներին պետք է ընտրել ըստ թեմատիկ ուղղվածության, որպեսզի կրթության բարեփոխումներից խոսի այդ ոլորտի մասնագետը, արտաքին քաղաքականությունից՝  այդ ոլորտում փորձ ունեցողն ու  փորձագետը:

Դիտարկմանը, թե մի կողմից  քիչ չեն ընտրություններին մասնակցող` արևմտյան երկրի մոդելին կողմնակից ուժերը, մյուս կողմից հայաստանյան ներքաղաքական գունապնակի գույներն ասես խառնվել են իրար, Պողոսյանը համաձայնեց. «Կուսակցություն կա, ասում է՝ պահպանողական եմ, բայց եվրոպական մոդելից է խոսում: Փաստորեն, բոլորս երազում ենք նույնը, ուրեմն՝ գնանք, զարգանանք:  ՀՅԴ-ն, իհարկե,  խոսում է սոցիալիստական մոդելից: Այստեղ, իհարկե, եվրոպական մոդելից խոսացողներից պետք է պահանջել, որ նրանք պարզաբանեն արժեքային համակարգը, այլապես եվրոպական մոդել ասվածը շատ  ընդհանուր է: Եթե ասում ենք` եվրոպական արժեք, պետք է ասենք՝ ինչ ենք դրա տակ ընկալում: ՌԴ-ն ասում է, որ ինքը  և’ եվրոպական, և’ եվրասիական երկիր է, կան եվրոպական արժեքներ, որոնք ընդունում են, կան, որ չեն ընդունում: Եվ սա անվանում է սուվերեն ժողովրդավարություն: Ընտանիքը եվրոպական արժեք է, հիմա պիտի մարդկանց ասեն, թե ինչն են ընտրում: Ինձ համար մեծ արժեք է նաև խոսքի ազատությունը»,-ասաց նա:

Թևան Պողոսյանը, ամփոփելով միտքը,  նշեց, որ երկիրը կզարգանա, եթե համակարգ փոխվի, այդ դեպքում որևէ մեկը նախկինների պես չի գողանա պետական միջոցներից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ