27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տնտեսական լուրջ անկում, լրացուցիչ ճնշում տնտեսության վրա. Հայոց աշխարհ

Նախորդ կանխատեսման համեմատ Համաշխարհային բանկը բարձրացրել է Հայաստանի տնտեսական աճի գնահատականը։ Նախկին 4,1-ի դիմաց ակնկալվում է, որ տարեվերջին աճը կլինի 5,3 տոկոս։   

Թվում է, թե Համաշխարհային բանկը լավատեսական սպասումներ ունի Հայաստանի տնտեսական իրավիճակի եւ առաջիկա զարգացումների վերաբերյալ։ Սակայն այդպես է միայն առաջին հայացքից։ Իրականում գնահատականը ոչ միայն լավատեսական չէ, այլեւ մտահոգիչ է։   

Ընթացիկ տարվա համար Համաշխարհային բանկը Հայաստանում համախառն ներքին արդյունքի 5,3 տոկոս հավելում է ակնկալում։ Այն դեպքում, երբ առաջին կիսամյակում տնտեսական աճը 8,3 տոկոս էր։   

Սա փաստորեն նշանակում է, որ չնայած ՀԲ-ն աճի ուղղությամբ է վերանայել նախորդ կանխատեսումը, այնուհանդերձ լավատես չէ տարվա երկրորդ կեսի տնտեսական զարգացումների առումով։ Դատելով հրապարակված ցուցանիշներից՝ կանխատեսվում է տնտեսական աճի տեմպի զգալի նվազում։ Խոսքը 3 տոկոսի մասին է, ինչը լուրջ անկում է նման կարճ ժամանակահատվածի համար։  

Զարմանալի է, որ նման կանխատեսումներից հետո Համաշխարհային բանկի փորձագետներն այսպիսի դատողություն են արել. 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը չի խաթարել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների դրական միտումը։   

Եթե այդպես է, ապա հարց է առաջանում, թե ինչի՞ հետեւանք է տարեվերջին կանխատեսվող աճի տեմպի կտրուկ նվազումը։   

Հայաստանի տնտեսության վիճակն ու կանխատեսվող պասիվացումն անշուշտ անսպասելի չէր։ Իշխանափոխությունից հետո չկան նոր բիզնես-ծրագրեր։ Տնտեսավարողներն անընդհատ բախվում են խնդիրների։ Կառավարության քայլերը ոչ միայն չեն նպաստում տնտեսության կայունացմանը, այլեւ ստիպում են հետաձգել ծրագրված քայլերը։ Պատահական չէ, որ հետեւանքներն աստիճանաբար նկատելի են դառնում։   

Կասկած չկա, որ այս տարվա համար ՀԲ մասնագետների կանխատեսած 5,3 տոկոս աճը հիմնված է հատկապես տարվա առաջին կեսի բարձր ակտիվության վրա։ Փոխարենը՝ երկրորդ կիսամյակում արձանագրվող զարգացումները դրական չեն։   

Առավել եւս վերջին ամիսներին Հայաստանի տնտեսությունը գրեթե դադարել է ակտիվություն ցուցաբերել։ Թեեւ դեռեւս չեն ամփոփվել երրորդ եռամսյակի աճի ցուցանիշները, այնուհանդերձ արդեն այժմ կարելի է ասել, որ դրանք զգալիորեն ցածր կլինեն ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եռամսյակի համեմատ։   

Այս պահին հուսադրող չեն նաեւ տարեվերջի երեք ամիսների վերաբերյալ ակնկալիքները։ Առաջիկայում Հայաստանում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք լրացուցիչ ճնշում են տնտեսական գործընթացների վրա։ Դրա հետեւանքով տնտեսության մեջ սպասումային վիճակը կշարունակի խորանալ։   

Դժվար է ասել, թե այս գործոնը որքանո՞վ է տեղ գտել ՀԲ փորձագետների կանխատեսումներում։ Ամեն դեպքում, անկասկած է, որ ընտրություններն ամենեւին էլ չեն նպաստում տնտեսական գործընթացների ակտիվացմանը։   

Չնայած ցուցանիշների վերանայմանը, այնուհանդերձ ՀԲ-ն համաձայն չէ կառավարության լավատեսությանը Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ։ Պատահական չէ, որ այս դեպքում գնահատականները բավականաչափ տարբեր են։ Ինչպես հայտնի է, հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում կառավարությունը 2018թ. տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսել է 6,5 տոկոս, որին ՀԲ մասնագետներն, ըստ էության, չեն հավատում։   

Համաշխարհային բանկի փորձագետների գնահատումներով, ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական աճին նպաստող հիմնական ոլորտները լինելու են երեքը՝ ծառայությունները, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը։ Ծառայությունների մասով իսկապես կա լուրջ ակտիվություն, թեեւ դրա տնտեսական էֆեկտիվությունը դժվար է բարձր համարել։ Ինը ամսվա տվյալներով, ոլորտի աճը գերազանցում է 19 տոկոսը։ Սա եռակի ավել է Համաշխարհային բանկի սպասումներից։ ՀԲ-ն ծառայությունների աճը գնահատել է 6,5 տոկոս։   

Գյուղատնտեսության ոլորտի ակնկալիքները 2,5 տոկոսի սահմաններում են։ Գոնե այս պահին սա անհասանելի ցուցանիշ է։ Ինը ամիսների պաշտոնական տվյալներով, գյուղատնտեսության անկումը եղել է գրեթե 5 տոկոս։ Հայտնի չէ, թե ինչի՞ վրա է հիմնված ՀԲ մասնագետների լավատեսությունը, թե մինչեւ տարեվերջ իրավիճակը կփոխվի։   

Ի տարբերություն գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտի կանխատեսումները շատ չեն տարբերվում փաստացի ցուցանիշներից։ Թեեւ վերջին շրջանում ինչպես ընդհանրապես տնտեսության մեջ, այնպես էլ արդյունաբերության հատվածում զարգացումները չեն առանձնանում բարձր ակտիվությամբ։ Մասնավորապես սեպտեմբերին արդյունաբերության աճը նույնիսկ մեկ տոկոսից ցածր էր։   

Ինչեւէ, թե որքանո՞վ կիրականանան այս կանխատեսումները, ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում, վերջին շրջանի դրսեւորումները վկայում են, որ տարեսկզբի ակտիվ զարգացումներից հետո Հայաստանի տնտեսությունը մտել է պասիվացման փուլ եւ արագորեն գնում է դեպի անկում։ Բազմաթիվ ցուցանիշներ վատացել են։ Իրավիճակը շտկելու ուղղությամբ կառավարության քայլերը որեւէ կերպ տեսանելի չեն։   

Այս պայմաններում հրապարակված հոկտեմբերյան զեկույցում Հայաստանի տնտեսության զարգացման գործում թե ի՞նչ հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականության կամ առեւտրի համար բարենպաստ պայմանների առկայության մասին է խոսում Համաշխարհային բանկը, դժվար է ասել։ Մի բան ակնհայտ է, որ այս պահին գործընթացներն ամենեւին էլ դրական չեն ինչպես տնտեսական աճի, այնպես էլ սոցիալական վիճակի բարելավման համար:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ