05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը

   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի ՆԱՏՕ-ի գործընկերության գծով ենթահանձնաժողովի պատվիրակությանը:

   Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ նման այցելությունները լավ հնարավորություն են՝ ծանոթանալու Հայաստանի մարտահրավերներին եւ մտահոգություններին, ինչպես նաեւ քննարկելու տարածաշրջանային զարգացումներին վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Սերժ Սարգսյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը, որը, Նախագահի խոսքով, հանդիսանում է Դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների կարեւոր մասը: Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենում տարբեր կոմիտեների աշխատանքներին, նաեւ այլ կարեւոր միջոցառումների, ինչպիսին է օրինակ՝ “Ռոզ-Ռոթ” սեմինարների շարքը:

  Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ձեւավորված արդյունավետ եւ կառուցողական համագործակցությունը գործընկերության բոլոր բնագավառներում: ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը, ըստ Նախագահի, կրում է շարունակական բնույթ. Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության ապահովման առաքելություններին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի նպատակով մեր երկիրը միացել է ՆԱՏՕ-ի “Բարեվարքության կառուցման” հայեցակարգին, աշխատանքներ են տարվում ստեղծելու ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամ, որը կօգտագործվի ոչ պիտանի զինտեխնիկայի ոչնչացմանը եւ Հայաստանի ականազերծման կարողությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով:

 Զրուցակիցների համոզմամբ, այս ամենը վկայում է այն խորը եւ ընդգրկուն օրակարգի մասին, որ ձեւավորվել է Դաշինքի հետ Հայաստանի սերտ եւ բազմամյա համագործակցության արդյունքում, ինչն էապես օգնում է Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը:

    Հայաստան-ՆԱՏՕ Գործընկերության զարգացման համատեքստում, Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակության անդամներն անդրադարձել են Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրին:

   Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ համագործակցությանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին վերաբերող հարցերի շուրջ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ