26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կախարդական փայտիկը դավաճանում է

Երբ մայիսին Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում վարչապետ էր ընտրվում, երկյուղած պատգամավորները զգուշավոր հարցեր էին փորձում տալ թեկնածուին երկրի համար կարևոր խնդիրների լուծման իր պատկերացումների մասին: Բոլոր հարցերը մի պատասխան ունեին՝ հակակոռուպցիա: Ապագա վարչապետը նույնիսկ չվարանեց հայտարարել, որ դա այն կախարդական փայտիկն է, որը ոչ ավելի, ոչ պակաս, Հայաստանը թռիչքի է տանելու:

Բայց այն համընդհանուր ագրեսիվ էյֆորիայի պայմաններում ո՞վ կհամարձակվեր առարկել. քվեարկեցին գլխահակ: Անցած ամիսները ցույց տվեցին, որ խոստացված կախարդական փայտիկը դավաճանում է, հակակոռուպցիոն պայքարն ընդամենը վերածվել է բռնեմ-փող վերցնեմ-բաց թողնեմ կրկեսի: Բայց կախարդական փայտիկ այնուամենայնիվ վարչապետ դարձած հեղափոխության առաջնորդի ձեռքին գոյություն ուներ՝ նախորդ իշխանավորների նկատմամբ ատելությունից կուրացած մի հանրություն, որ հեղափոխության առաջնորդի համարձակությունից, իր հանդեպ սիրո խոստովանություններից, ազնվության ու արդարության խոստումներից ու երկրի նախորդ ղեկավարին գահընկեց անելու հաջողությունից հիպնոսացած՝ արագ, գրեթե ժամերի ընթացքում վերածվեց ամբոխի:

Ինչո՞վ դա կախարդական փայտիկ չէր, որն արդեն մտածելու կարողությունը կորցրել էր և կարող էր հիացմունքով ընդունել նույնիսկ այն, ինչի դեմ դեռ մի քանի օր առաջ անձնվեր պայքարում էր, և հայհոյանքներով ու սպառնալիքներով լռեցնել քննադատության ու դիմադրության ամենաթույլ փորձերն իսկ: Ախր անցյալի ու ներկա քանի-քանի իմաստուններ են ասել, որ ատելությունը ոչ մի տեղ չի տանում և ներսից կրծում է հենց ատողին:

Իմաստ չունի թվարկել նոր իշխանության ձախողումներն ու հակասական՝ երբեմն ուղղակի տրամագծորեն հակադիր որոշումները նախ այն պատճառով, որ դրանց մասին գրեթե ամեն օր ուրիշները գրում են, երկրորդ՝ առաջադրված հարցադրումները մնում են ձայն բարբառո հանապատի, տասնյակ ինչու-ներ են տրվել, որոնք պատասխան չեն գտել և համենայն դեպս այս իշխանության օրոք հավանաբար չեն էլ գտնի:

Ամենաթարմ օրինակը միայն բերենք: Տարօրինակորեն վերջին օրերին երանելի ամբոխի մեջ խլրտում է առաջացել, ոմանք հանկարծ սկսել են մտածել և հետևաբար հարցեր տալ, թե ինչո՞ւ ատելի ոստիկանը պիտի իրենց մարզպետ կարգվի: Եվ իրենց սիրած տեխնոլոգիայով փակել են Սյունիքի ճանապարհը: Բայց, իհարկե, այս նույն օրերին այդ նույն արդարամիտ պայքարողները չվրդովվեցին և հարց չտվեցին, որ եթե այն չեղած բարիկադներից այս կողմ ենք բերում անգամ նախկին վարչական մեքենայի ամենագործուն «պտուտակներին», ապա ինչո՞ւ է այդ բարիկադների հակառակ կողմում հայտնվում արդեն գործարար աշխարհի ներկայացուցիչը՝ բիզնեսմեն Սամվել Մայրապետյանը:

Ինչո՞ւ է դարձյալ ընտրողական արդարադատություն իրականացվում: Ինչո՞ւ մի գործարարի հետ, որի հարկային օրինազանցությունների մասին խոսվում ու գրվում է տարիներ շարունակ, քաղաքական համաձայնություն է կնքվում, իսկ մի ուրիշը, որ նույնիսկ որևէ առնչություն չի ունեցել այս կամ այն քաղաքական ուժի հետ, ոստիկանական հայտնի մեթոդներով կորզված բանավոր հաղորդման հիման վրա նախնական կալանքի է վերցվում այն դեպքում, երբ նա հասարակության համար վտանգ չի ներկայացնում, ի լրումն՝ տառապում է բանտային պայմանների հետ անհամատեղելի հիվանդությամբ:

Արդյո՞ք սա հստակ ուղերձ չէ ողջ գործարար աշխարհին, որ փասափուսաները հավաքեն ու հեռանան երկրից, քանզի ի՞նչ երաշխիք ունեն, որ մի գեղեցիկ օր էլ իրենց հասցեին բանավոր հաղորդում չի լինի և իրենք էլ, դեռ գործը չքննված, ապացույցները չբերված, չեն հայտնվի բանտում: Եվ չի՞ տանելու սա դեպի տնտեսության հետևողական քայքայում: Վտանգավոր իրավիճակ է մեզանում: Ունենք, մեղմ ասած, անարդյունավետ ու անկայուն կառավարություն, վախեցած ու իշխանությունների կամայականություններին հլու-հնազանդ դատական իշխանություն, քաղաքական հակակշիռների իսպառ բացակայություն և «կախարդական փայտիկ», որ չար կատակի է վերածվում, ինչպես հայտնի հեքիաթում:

Անահիտ Հարությունյան

Աղբյուրը՝ Ankakh.com

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ