Մատնոցախաղ. Հայոց աշխարհ
Իշխանությունը կարող է լինել ինչպիսին ասես. սիրելի, ժողովրդականություն վայելող, ատելի, հանցավոր, տոտալիտար, անզոր. միայն ոչ ծիծաղելի։
Այդպիսին է ամեն մի իշխանության բնույթը. ինչ ասես, միայն ոչ հիմարություն, որը քմծիծաղ է առաջացնում եւ առատ սնունդ տալիս անեկդոտների հեղինակներին։
Վարչապետի հրաժարականի բեմականացումը առաջացնում է միայն ծիծաղ։ Սկզբունքորեն ամեն մի ոչ ստանդարտ իրադրություն, եթե վախ չի հարուցում, ապա առաջացնում է ծիծաղ։ Հայաստանում վերջին ամիսների ընթացքում համատարած ոչ ստանդարտ իրադրություն է։ Դրա համար էլ անասելի ավելացել են ե՛ւ վախը, ե՛ւ ծիծաղը։
Թեեւ, մյուս կողմից, շրջակա իրականության վրա ծիծաղելը նույնն է, թե բժիշկն առաջարկի հիվանդին բուժման փոխարեն ծաղրել սեփական հիվանդությունը։ Քիմիաթերապիայի փոխարեն բթամտորեն հռհռա իր գլխուղեղի զարգացող քաղցկեղի վրա։
Մենք նույնիսկ կասկածում ենք, որ դա կարող էր որոշակի թերապեւտիկ արդյունք տալ։ Էնդորֆիններ, դրական էմոցիոնալ ֆոն։ Որպես ժամանակավոր ցավազրկում՝ կարելի է։ Միայն թե բժշկությանն առայժմ հայտնի չէ եւ ոչ մի դեպք, որ քաղցկեղը ծիծաղով բուժեն։
Այն մարդու տեսանկյունից, որը մտածում է բացառապես իշխանությունը պահպանելու եւ ուրիշ ոչ մի բանի մասին, Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է հաշվարկել։ Նման մարդիկ իրենց բոլոր հաշվարկները կառուցում են միայն մի ուղղութամբ. ուրիշ ի՞նչ է պետք անել անձնական իշխանությունը պահելու եւ ամրապնդելու համար։
Ի դեպ, հաշվարկների նկատմամբ հիվանդագին սերը կոչվում է Ասպերգերի սինդրոմ։ 1944 թվականին ավստրիացի հոգեբույժ Հանս Ասպերգերը մանրամասն նկարագրեց այդ սինդրոմը՝ «աուտիկ պսիխոպաթիա»։ Այդ ժամանակվանից հիվանդությունը գիտնականի պատվին անվանում են հենց Ասպերգերի սինդրոմ։ Տվյալ հիվանդությունը զուգորդվում է տարբեր կարգի հաշվարկների ապշեցուցիչ ընդունակությամբ։
Վարչապետի հաշվարկները պարզեցին, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ է ամեն գնով անցկացնել դեկտեմբերի առաջին կեսին, քանի դեռ ժողովուրդը, ինչպես ասում են, «տաք է»։ Դե, իհարկե, ամեն ինչ պետք է անել ժամանակին։
Կրկնում ենք, Փաշինյանն ամեն ինչ ճիշտ է հաշվարկել. իր հրաժարականից եւ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններից վարչապետը անտարակույս կշահի։ Այլ հարց է, որ երկիրը, հասարակությունն ու քաղաքական դաշտը անկասկած մեծ կորուստներ կկրեն։ Կարելի է ասել՝ անդառնալի կորուստներ։
Մեր աչքի առաջ ծնվում է միապետ՝ բռնապետի ակներեւ հակումներով։ Միապետի ծեսը բաղկացած է երեք հիմնական տարրից։
1) Միապետի բացառիկություն. միակ թագավորը գահին՝ նույնն է թե միակ Արեգակը երկնքում։ Անմիջական մրցակիցներ միապետը ոչ մի դեպքում չպետք է ունենա։
2) Միապետի անսխալականություն. կեղտոտ ձեռքերով նրան դիպչել չի թույլատրվում ոչ մեկին։
3) Միապետի անկախություն հասարակությունից եւ օրենքից։
Նա վստահորեն վեր է կանգնած քաղաքական ու իրավական համակարգերից եւ պատրաստ է ընդունել ամեն մի որոշում` դեն շպրտելով համընդհանուր հնացած բարոյական նորմերը։
Եվ այդ ամենը մենք այժմ տեսնում ենք։ Ըստ որում՝ փորձեր են արվում տպավորություն ստեղծել, թե միապետի մասին երազում է ինքը՝ ժողովուրդը։
Ի դեպ, Ստալինը ժողովրդականության հետ կապված խնդիրը լուծում էր գրչի մի շարժումով։ Իր կենսագրության մեքենագիր օրինակը (որի առաջին տարբերակը պատրաստել էր ընկեր Ադորատսկին) առաջնորդը, ինչպես վկայում են փաստաթղթերը, կարդաց չափազանց ուշադիր։ Այնտեղ գրված էր. «Ստալինը՝ Լենինն է այսօր»։ Առաջնորդը սեփական ձեռքով շտկում կատարեց. «Ստալինը Լենինն է այսօր, ինչպես ասում է մեր ժողովուրդը»։
Նրան, որ ընթանում է հասարակության պառակտման, «սպիտակների» եւ «սեւերի» բաժանման նպատակադիր գործընթաց, մենք ընդհանրապես չենք անդրադառնում։ Այնինչ նման վիճակում գտնվող հասարակությունն ու երկիրը դատապարտված են։
Կոնեկտիկուտի համալսարանի էվոլյուցիոն կենսաբանության պրոֆեսոր Պիտեր Տուրչինը ժամանակին գրեց «Պատերազմ, խաղաղություն եւ կրկին պատերազմ. կայսերական ազգերի կենսական փուլաշրջանները» իր ֆունդամենտալ աշխատությունը մարդկային հասարակության զարգացման օրենքների մասին։ Տուրչինի տեսությունը չափազանց բազմակողմանի է՝ դրա էությունը մեկ պարբերությամբ ներկայացնելու համար։
Բայց առանցքային հասկացությունը ասաբիան է. տերմին, որ XIVդ. հորինել է արաբ մեծ գիտնական Իբն Խալդունը։ Ասաբիան այս կամ այն խմբի անդամների ներքին համերաշխության աստիճանն է, միմյանց վստահելու եւ մեծ ծրագրերի իրականացման հարցում համագործակցելու նրանց ունակությունը։
Որքան բարձր է խմբի ասաբիան, այնքան այն ուժեղ է։ Եվ հակառակը. եթե հասարակության ասաբիան ցածր է, նրան չի օգնի ոչ մի նյութական առավելություն։ Բարձր ասաբիայով բանակը կարող է ջախջախել անհամեմատ գերազանցող հակառակորդին։
Տխրությամբ եւ տագնապով ստիպված ենք մատնանշել, որ մեր հասարակության ասաբիան, շնորհիվ «հեղափոխականների» ջանքերի, սրընթաց մոտենում է զրոյի։
Նույնը վերաբերում է նաեւ քաղաքականությանը։ Արտահերթ ընտրությունների հետ կապված պատմությունը, երբ վարչապետ Փաշինյանն ինքը բազմիցս հայտարարել էր, որ դրանք կանցկացվեն մայիս-հունիսին, իսկ այնուհետ մտափոխվեց եւ ուժով ստիպեց բոլորին համակերպվել նոր, իրեն ձեռնտու ժամկետի հետ, ոչնչացնում է քաղաքականությունը որպես այդպիսին։ Քանզի քաղաքականությունն առանց վստահության չի լինում։ Եվ ոչ միայն քաղաքականությունը։
«Վստահություն» բառը առանցքային է, conditio sine qua non (պարտադիր պայման) փոխհարաբերություններ ձեւավորելիս։ Ամեն մի, թեկուզ անգամ ամենահոռի հանրությունը, ըստ որում՝ ոչ միայն մարդկային, այլեւ նույնիսկ կենդանական, անհնար է առանց վստահության որեւէ մեխանիզմի։
Նույնիսկ շների հնազանդության դիրքն անհնար է առանց հնազանդվող շան վստահության, որ այդ անպաշտպան դիրքը անհապաղ չի օգտագործվի իրեն սատկեցնելու ու խժռելու համար։
Վստահության իսպառ բացակայությունը նույնիսկ Հոբսի «բոլորի դեմ բոլորի պատերազմը» չէ, որն այնուամենայնիվ երբեմն գոնե ինչ-որ բան ենթադրում է։ Դա մեզոզոյան դարաշրջանի ձիաձետի ճահիճ է, որտեղ նյութի գոյության ստորին, ինչպեսեւ բարձրագույն ու միակ ձեւը պարբերական փոխադարձ խժռումն է։
Բայց ո՞ւմ է դա հուզում։ Իշխանավոր դարձած փողոցային ակտիվիստների համար քաղաքականությունն ընդամենը մատնոցախաղ է։ Գնդիկը՝ ձախ, գնդիկը՝ աջ… Ո՞ւր է գնդիկը։
Արձագանքելով հեշտ շահում խոստացող կանչերին,՝ դյուրահավատ քաղաքացին գործնականում երբեք չի կարողանում ստույգ կռահել, թե որտեղ է թաքնված նվիրական գնդիկը, եւ տալիս է սեփական փողերը վայրկենական թուլության համար։ Ճարպիկ ձեռքեր՝ գումարած ստվերային կազմակերպիչներ ու հոծախումբ, ուր յուրաքանչյուրն իր դերն ունի, դե, նաեւ քաղաքացիների միամտություն. ահա եւ ամենը, ինչ պահանջվում է հաջողության համար։
Մատնոցախաղով է զբաղված նաեւ ներկայիս իշխանությունը։ Միայն թե խաղագումարներն այստեղ շատ ավելի խոշոր են, ծավալներն էլ՝ անհամեմատ մեծ։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: