Տեղամասային ընտրական հանձնաժողովի 76 անդամ չի ներկայացել
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 3856 քաղաքացիներից այսօր՝ մինչեւ ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 76-ը:
Ընդ որում` թիվ 17, 18, 19 եւ 30 ընտրատարածքներում հանձնաժողովների բացակայող անդամներ չեն եղել, իսկ թիվ 32 եւ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում բացակայող քաղաքացիների թիվը կազմել է 20-ական հանձնաժողովի անդամ:
Մնացած ընտրատարածքներում տեղամասային ընտրական հանձնաժողովներ չեն ներկայացել եզակի թվով անդամներ: Չներկայացած անդամների տեղերը, ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, լրացրել են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները` տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց թվից:
Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընթանում են բնականոն ընթացքով: