Խաչիկյանը նոր դատավոր ունի
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/arshak_vardanja_1394548563.jpg)
Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով դատաքննությունը շարունակվելու է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը:
“Գործող կարգի համաձայն, երբ դատական գործը մակագրվում է դատավորին, ընդունվում է վարույթ եւ 15 օրվա ընթացքում նշանակվում է դատաքննության օրը: Դեռ չի նշանակվել”,-ասաց Վարոսյանը:
Նշենք, որ Արշակ Վարդանյանը Խաչիկյանի գործով երրորդ դատավորն է: Առաջինը՝ Մխիթար Պապոյանն է, ով նշանակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրան փոխարինեց Մեսրոպ Մակյանը, ով էլ ինքնաբացարկ տվեց, քանի որ Վազգեն Խաչիկյանն իր համակուրսեցին էր եւ մինչեւ օրս ջերմ հարաբերությունների մեջ է:
“Ես այստեղ արտառոց ոչինչ չեմ տեսնում: Գործընթաց է, օրենքով սահմանված կարգով”,-ասաց փաստաբան Ժ. Վարոսյանը: