Մանե Թանդիլյանը հրաժարականը հե՞տ է վերցնում. Հայկական Ժամանակ
ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո շարունակում է գնալ աշխատանքի եւ ներկայանալ կառավարության հերթական ու արտահերթ նիստերին:
Հրաժարականից մոտ տասն օր է անցել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել Թանդիլյանի ազատման դիմումը: Ստեղծված իրավիճակը նախադեպային է, երբեք նման իրավիճակ չէր եղել, որ նախարարը հրաժարականի դիմումից հետո երեք օրից ավելի շարունակի պաշտոնավարել: Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին ՀՀ օրենքի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ օրենսդրական բաց կա: Այսինքն, գործող օրենքում ամրագրված չէ որեւէ ժամկետ, որի համաձայն վարչապետը պետք է մակագրի դիմումը՝ հրաժարական ներկայացնելուց հետ: Համապատասխան օրենքում չկա նաեւ ժամկետը, որի լրանալուն որպես նախարարը կարող է իրեն իրավունքի ուժով համարել ազատված, եթե անգամ վարչապետը դիմումը չի հաստատել:
Օրենսդրական բացթողումների հետ կապված՝ թերթը պարզաբանում փորձեց ստանալ կառավարության աշխատակազմից, սակայն կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին հետեւյալը. «Օրենսդրությամբ նախարարի դիմումին ընթացք տալու ժամկետային սահմանափակում գոյություն չունի»:
Այսինքն, ստացվում է, որ Մանե Թանդիլյանը կամ մեկ այլ նախարար կարող է օրինակ մեկ տարի շարունակ նման կարգավիճակով պաշտոնավարել:
Թեմայի շուրջ հնարավոր չեղավ զրուցել նաեւ առայժմ գործող նախարար Մանե Թանդիլյանի հետ: Սակայն, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի պատասխանատու Մանե Մադոյանը թերթին փոխանցեց, որ Մանե Թանդիլւանը շարունակում է կատարել սոցապ նախարարի գործառույթները, յուրաքանչյուր օր գալիս է աշխատանքի եւ մասնակցում է կառավարության նիստերին:
«Մանե Թանդիլյանը հունիսի 12- ին ֆեյսբուքում ստատուս գրելուց հետո հրաժարական է տվել արարողակարզային բոլոր պահանջներով, բայց հաջորդ օրը եկել եւ ներկայացրել է նորանշանակ փոխնախարարներին: Տիկին Թանդիլյանն ամեն օր գալիս է աշխատանքի, նախարարությունը նույն ռիթմով աշխատում է, եւ մենք սպասում ենք վարչապետի որոշմանը: Փոխնախարարները նոր են նշանակված եւ այդ ընթացքում նախարարությունը թողնել, գնալը ճիշտ չէր լինի»,- ասաց նախարարի խոսնակը: Մասնագիտությամբ իրավաբան Ազգային ժողովի երկու պատգամավոր թեմայի շուրջ թերթի հետ մասնավոր զրույցում նշեցին, որ Թանդիլյանի հրաժարականի դիմումին ընթացք տալը գտնվում է ավելի շատ քաղաքական տիրույթում, քան՝ իրավական:
«Հիմնականում նման դիմումները մակագրվում են կամ նախարարը դիմումը հետ է վերցնում երեք օրվա ընթացքում, քանի որ սա քաղաքական գործընթաց է»,- ասաց իրավաբան պատգամավորը: Մյուսն էլ ընդգծեց, որ աշխատանքային օրենսգրքի սահմանած նորմերն այս դեպքում կիրաոելի չեն, քանի որ նախարարի պաշտոնը քաղաքական է, եւ Մանե Թանդիլյանի կողմից եղել է հրաժարականի մասին քաղաքական հայտարարություն: Թերթի զրուցակցի պնդմամբ այդ հայտարարության հիման վրա ներկայացված դիմումին պետք է հաջորդեր ազատում-նշանակումը առավելագույնը երեք օրվա ընթացքում: Միաժամանակ թերթի զրուցակիցները նշեցին, որ Մանե Թանդիլյանի կողմից այս պահին իրականացվող գործառույթներն անօրինական չեն, բայց նաեւ բնական էլ չեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը թերթին դեռ օրեր առաջ փոխանցել էր, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումը «փոխանցվել է վարչապետին եւ սպասում է ստորագրման»: Վերջինս նաեւ ավելացրել էր, որ այն ստորագրվելուց անմիջապես հետո կհրապարակվի: Մանե Թանդիլյանն աշխատանքից ազատվելու դիմում գրել էր հունիսի 12-ին: Նախարարի պաշտոնից ազատվելու պատճառն, ըստ Թանդիլյանի գրառման, այն էր, որ նա համամիտ չէ կառավարության կողմից ընդունված որոշմանը, որով շարունակվում է կենսաթոշակի կուտակային համակարգում մնալ «պարտադիր» բաղադրիչը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Մանե Թանդիլւանի հրաժարականի դիմումը չհաստատելը թույլ է տալիս ենթադրել, որ նախարարը եւ վարչապետը Iհարցը քննարկել ու համաձայնության են եկել, որ Թանդիլյանը հրաժարականը հետ է վերցնում:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: