Եկեք ձեռք սեղմենք. Կարեն Գրիգորյանը՝ Դոն Պիպոյին /տեսանյութ/
Էջմիածնի քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդիn` Կարեն Գրիգորյանը, իր դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին ու ցույցերի կազմակերպիչներին հաշտության կոչ է անում: Այսօր լրագրողների հետ հանդպմանը Կարեն Գրիգորյանը հայտարարել է, որ մտադիր չէ իրավիճակը սրել եւ 17:00-ին նրանց հրավիրել է Էջմիածնի հաշտության նստարանին նստել եւ հաշտության ձեռք սեղմել:
«Եկեք նստենք, իրար ձեռք սեղմենք: Եթե ուզենան գան էդ նստարանին նստեն, չեն կարող չդիպչել իրար: Խնդրեմ եկեք, 17:00-ին, սա լինելու է ոչ թե հանրահավաք՝ ընդդեմ, բորբոքելու, սա էս արեց, սա էջմիածնեցի է… ոչ, եւս մեկ անգամ՝ ոչ: Սա հոգեւոր, սիրո, հավատքի քաղաք է, սիրում եք քաղաքը, ես առաջին քայլն անում եմ՝ հաշտության նստարանի մոտ սպասում եմ, սիրելի էջմիածնեցիներ, պարոն Հակոբ Հակոբյան, պարոն Թումանյան, պարոն Աբգարյան եւ նաեւ քրոջ որդին»,-ասել է նա՝ հավելելով, թե «չի կարելի սրել, սադրել, հասցնել մարտի մեկին»:
Կարեն Գրիգորյանը հայտարարել է, որ չի ցանկանում փակագծերը բացել եւ ասել, թե ինչ նպատակ են հետապնդում իր դեմ ընթացող բողոքի ցույցները: Լրագրողների հարցին, արդյոք այս ամենը ուղղորդված է Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի կողմից, Կարեն Գրիգորյանը պատասխանել է. «Միանշանակ ուղղորդված էր, այո, ձեր ասած անունը կապ ունի էդ ամեն ինչի հետ: Որպես բարերար է հանդես գալիս, այո նաեւ բարերարներին եմ կոչ անում՝ եկեք ձեռք սեղմենք, ինչ ներդրում եք ուզում անել, եկեք , արեք»: