26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժամանակն է, որ մեր հումանիստ պատգամավորները մտածեն այս մասին. Առավոտ

Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելը եւ գործը լրացուցիչ քննության ուղարկելը խնդրի «չոր» իրավական լուծում էր, որն ուղղակիորեն կապված չէ հեղափոխության հետ: Նրա առնչությունը «Իգլայի» տեղափոխման ու եվրոյի «լվացման» հետ առաջին ատյանի դատարանը չի ապացուցել, մնացել են կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ մեղադրյալի: Բաբայանն, իհարկե, Մայր Թերեզան չէ, դաշտային հրամանատար է՝ համապատասխան կրթությամբ  եւ պետության մասին յուրահատուկ պատկերացումներով, բայց դա ամենեւին հիմք չի ծառայում նրա դեմ ինչ-որ անհասկանալի մեղադրանքներ առաջ քաշելու համար:

Ինձ արժանահավատ է թվում Բաբայանի բացատրությունը, որ իրեն ուզում էին մեկուսացնել, որովհետեւ նա ՕՐՕ նախընտրական դաշինքի փաստացի ղեկավարն էր, եւ խնդիր էր դրված, որ այդ դաշինքը չանցնի խորհրդարան: Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն ինձ ավելի վիճահարույց է թվում, որովհետեւ նա չի մերժում զինված քաղաքական պայքարը՝ Տեր-Պետրոսյանի ժամանակ առնչություն էր ունեցել «Դրո» խմբի հետ, Քոչարյանի եւ Սարգսյանի օրոք ազատազրկվել էր ապօրինի զենքի եւ այլ մեղադրանքներով: Տրամաբանական է ենթադրել, որ իրեն կարող է մի օր դուր չգալ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, եւ այդ դեպքում նա նորից կորոշի «իրագործել իր ապստամբելու իրավունքը», եւ դեռ հարց է՝ կհասցնի՞ Փաշինյանը նրան ազատազրկել, թե՞  Սեֆիլյանն այս անգամ կկարողանա հաջողությամբ «ապստամբել»:

ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում գործած անձանց խափանման միջոցը փոխելը կարող է դիտարկվել որպես նման գործողությունների արդարացում եւ վատ նախադեպ դառնալ մեր պետության համար: Եթե մի կողմ թողնենք «ապստամբելու իրավունքի» մասին, այսպես ասենք, չափազանց ազատ մեկնաբանությունները, ապա կարելի է արձանագրել, որ, այո, կալանքը որպես խափանման միջոց մեր իրավապահները  հաճախ կիրառում են առանց անհրաժեշտության՝ դրդվելով ամենեւին ոչ իրավական շարժառիթներից: Բայց այդ դեպքում պետք է սահմանել «վերին շեմը», որից ցածր այդ խափանման միջոցը չի կիրառվում:

Եթե ՊՊԾ-ի գործով ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց կարելի է ազատություն շնորհել, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել, ասենք, բնակարանային գողի հանդեպ: Գուցե նա՛ էլ այդ ենթադրյալ հանցագործությունը կատարելիս յուրովի «ապստամբում էր»: Կամ՝ ինչո՞ւ չի կարելի փոխել խափանման միջոցը խուլիգանական դրդապատճառներով ծեծի ենթարկելու մեջ մեղադրվողին: Բացառված չէ, որ նա ընկերոջ քիթ-մռութը ջարդում էր «հանուն ազգի»: Երեւի ժամանակն է, որ մեր հումանիստ պատգամավորները մտածեն բոլոր ազատազրկվածների, ոչ միայն «ապստամբների» մասին: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ