Համեստ Աննա Հակոբյանին սրանք արագորեն «կփչացնեն». Հրապարակ
Փաշինյանի մոսկովյան այցը պատմական այց էր մեզ՝ ոչ իշխանական լրագրողներիս համար, քանզի առաջին անգամ մենք երկրի ղեկավարի հետ «թիվ մեկ բորտով» թռչելու հնարավորություն էինք ստացել արտերկիր՝ նրա այցը լուսաբանելու: եվ այս հանգամանքը քանիցս նրա մամուլի նորանշանակ խոսնակն ու իր թիմակիցները մտցրին մեր աչքն ու երեսով տվեցին՝ որպես լավություն. «Մենք ձեզ կառավարական ինքնաթիռով բերել ենք Մոսկվա, իսկ դուք …»:
Շարունակությունը տարբեր էր՝ չեք գնահատում, ամեն օր չեք աղոթում Աստծուն ու Աստծո փոխանորդին երկրի վրա, ձեզ լավ չեք պահում, վարչապետի տիկնոջ ներս մտնելուց ոտքի չեք կանգնում եւ այլն: Բայց հետսերժական Հայաստանում, որտեղ իշխանություններն այնքան դեմոկրատ ու թափանցիկ են, որ իրենց աչքի «փուշը» հանդիսացող լրագրողներին իրենց հետ տանում են գործուղման, որոշ հարցերում այնպիսի արժեհամակարգային փոփոխություններ են կատարվել մեր հասարակության մեջ, որ մեզ միանգամից մի քանի դար հետ են տարել՝ հասցնելով մինչեւ վաղ միջնադար, որտեղ պետք է, օրինակ, անմիջապես ոտքի կանգնել, երբ տերը կամ տիրուհին է գալիս:
Վերադարձի ճանապարհին մենք հայտնվեցինք մի իրավիճակում, երբ անմիջապես հիշեցինք Սերժ Սարգսյանին քծնողներին ու նրա կենացը հոտնկայս եւ մեծագույն խոնարհումով խմողներին: Թռիչքի կեսից Նիկոլ Փաշինյանի կինը՝ մեր գործընկեր Աննա Հակոբյանը, եկավ մեր՝ հասարակ մահկանացուներիս սրահ, որպեսզի ոչ ֆորմալ միջավայրում շփվի լրագրողների հետ: Պարզվեց՝ Աննայի մուտքի ժամանակ մենք՝ նրա «հազար տարվա» գործընկերներս, պետք է անմիջապես ոտքի կանգնեինք, «քանզի առաջին տիկինն է գալիս», եւ որ դա նրա արարողակարգի ղեկավարն է պահանջում:
Վարչապետի՝ Ալիկ Մխիթարյան անունով արարողակարգի պետն Աննա Հակոբյանի թիկունքից ագրեսիվ «դաստիարակչական» շարժուձեւերով հասկացնում Էր, թե «վեր կաց կանգնիր, երբ առաջին տիկինն է քեզ հետ խոսում»: Մի պահ զարմացանք, հետո հասկացանք, թե ուր ենք ընկել, ինչ տեսակի «նոր Հայաստանում» ենք գտնվում, իսկ երբ իմացանք, որ Ալիկը Սերժ Սարգսյանի հետ է նախկինում աշխատել Բ 26-ում, ամեն ինչ իր տեղն ընկավ: Պարզ է, որ մշտապես իր համեստ պահվածքով աչքի ընկած մեր գործընկեր Աննա Հակոբյանին այս «արարողակարգի» պետն ու իմիջմեյքերներն արագորեն «կփչացնեն» եւ կդարձնեն Ռիտա Աարգսյան:
Սրանք նույնիսկ չգիտեն, որ իրենց արարողակարգն ու դարերի քծնանքը չեն կարող տարածվել՝ մեզ, աշխարհի ամենաազատ մասնագիտության տեր մարդկանց՝ լրագրողներիս վրա: Մենք կանգնում ենք այն ժամանակ, երբ հարկ ենք համարում կանգնել, եւ որեւէ մեկին քծնելու կարիքը չունենք: Ուշագրավ է, որ երբ Նիկոլ Փաշինյանը թռիչքի սկզբում հերթով մոտեցավ մեզ ու հերթով բոլորիս բարեւեց, եւ կրկին որեւէ մեկը ոտքի չկանգնեց, ոչ ոք չասաց, թե «վարչապետն է գալիս, ոտքի կանգնեք, դա տարրական էթիկա է»: Նույնկերպ ոտքի չեն կանգնում կառավարության անդամները, երբ վարչապետը մտնում է նիստերի դահլիճ:
Փոխարենը վարչապետի կնոջ դեպքում, պարզվեց, այլ արարողակարգ է նախատեսված, որի ակտիվ ջատագովներից մեկն էլ վարչապետի Աոֆյա անունով իմիջմեյքերն է՝ անճաշակ եւ տղայական սանրվածքով մի աղջիկ, որն իսկական հիստերիա բարձրացրեց, երբ համարձակվեցինք առարկել, թե վարչապետի տիկնոջ առաջ չկանգնելով հանցանք չենք գործել: Արարողակարգի պետին եւ իմիջմեյքերին միացավ նաեւ վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակը, ում աշխատանքի արդյունավետությունը գոնե Մոսկվայի այցի շրջանակներում կարելի է գնահատել զրո, եւ որոշեց մեզ դասեր տալ՝ էթիկայի կանոնների եւ քաղաքավարության մասին: Կարճ ասած՝ անձերը փոխվեցին, քծնանքն ու ստորաքարշությունը չփոխվեցին, եւ մեզ, հավանաբար, արժեհամակարգային հեղափոխություն է նաեւ հարկավոր իրագործել:
Այցի մասին մենք արդեն գրել ենք: Նախորդ նյութին հավելենք այն, որ Նիկոլ Փաշինյանը հենց Մոսկվայում, մինչ մենք օդանավի մեջ նստած նրան էինք սպասում, հյուրանոցից «լայվ» մտավ եւ ամփոփեց մոսկոփան այցը՝ Պուտինի, Մեդվեդեւի եւ այլոց հետ աշխատանքային հանդիպումները: Դրանով նախկին լրագրող Փաշինյանն անիմաստ դարձրեց լրագրողների աշխատանքը, եւ մենք էլ իրեն հարցեր ուղղելու հնարավորություն չունեցանք:
Առնվազն ուզում էինք ճշտել՝ ինչո՞ւ էր Փաշինյանն այդքան լարված Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ինչու օգտագործեց «Հայաստանի սուվերենություն» արտահայտությունը, միթե ինչ-որ վտանգներ կան այդ առումով, ինչ են քննարկել տեսախցիկներից անդին, ինչպե՞ս ստացվեց Ալիեւի հետ ծանոթությունը, արցախյան խնդրի շուրջ որեւէ զրույց եղե՞լ է Պուտինի հետ, թե՞ ոչ եւ այլն: Եվ միայն այն, որ Փաշինյանը դրանից ժամեր առաջ Մոսկվայի հայկական եկեղեցու բակում, մեր հարցին ի պատասխան, Պուտինի հետ հանդիպումը մեկ բառով «հոյակապ» բնութագրեց, ինչը, սակայն, թույլ չի տալիս ամբողջական պատկերացում կազմել այցի որակի ու բնույթի մասին, հատկապես, որ տարբեր ինֆորմացիաների ու փաստերի համադրումը լրիվ այլ բանի մասին է վկայում:
Միայն վերջում, երբ գիշերվա 2-ին ժամանեցինք Երեւան, վարչապետի խոսնակը կարողացավ մի աննախադեպ լավություն անել մեզ՝ «դասավորել», որ օդանավակայանում, կառավարական օդանավի ֆոնին, մեզ «բացառիկ» հարցազրույց տա վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը: Սակայն պատասխանները, անկեղծ ասած, բավականին դեկլարատիվ էին, որոնք մշտապես լսել ենք «Հին Հայաստանի» չինովնիկներից: Միայն հասկացանք, որ փակագծեր կան, որոնք չեն բացում, հատկապես ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շուրջ:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: