Եվրոպամետ ուժից մինչեւ Ծառուկյան. ինչպիսին կլինի Հայաստանի քաղաքական ներկապնակը
Հրապարակախոս Տիգրան Խզմալյանը կարծում է, որ սպասվող արտահերթ ընտրություններին ընդառաջ Հայաստանի ներքաղաքական արենայում նոր՝ եվրոպամետ լիբերալ-դեմոկրատական քաղաքական բեւեռ կձեւավորվի:
«Կարեւոր եւ միգուցե երկրի համար ամենակարեւոր, պայմանական ասենք` եվրոպական ուղղության ուժը, որին հարում եմ ես եւ որի շրջանակներում եմ` որպես քաղաքացի, փորձելու եմ գտնել ելքեր իմ երկրի, իմ սերնդի , իմ համախոհների համար, կարծում եմ կլինի երրորդ բեւեռը»,-Henaran.am –ի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:
Խզմալյանը նոր ուժի առաջացումն անխուսափելի է համարում . «Ներկայիս վարչապետի եւ կառավարության գործողությունները ուղղակի պարտադրում են անել դա , այլ ոչ թե նստել սպասել, թե երբ դա կանեն իրենք, իրենք ըստ երեւույթին անում են այն, ինչ համարում են անհրաժեշտ: Մենք էլ պետք է անենք այն, ինչ մենք ենք համարում անհրաժեշտ` որպես կառուցողական ընդդիմություն: Սա նորմալ ժողովրդավարական գործընթաց է, որը օր առաջ պետք է սկսվի Հայաստանում»:
Քաղաքական պայքարն, ըստ Խզմալյանի՝ հիմնականում երեք ուղղությամբ կընթանա: Ամենամեծ քաղաքական ուժը, ըստ նրա, իներցիայի օրենքների համաձայն՝ կլինի Նիկոլ Փաշինյանի համախոհներից կազմված կորիզը: «Ըստ երեւույթին, այն իրեն կներկայացնի իբրեւ հայակենտրոն ուժ, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, կարելի է միայն ողջունել հայակենտրոն գաղափարը, որին ժամանակին եւ ես եւ իմ ընկերները` մասամբ հիմա կալանավորված, հարում էինք, սակայն այդ հայամետությունը ինքնըստինքյան խաբուսիկ մի բան է, ամեն ինչ կախված է այն բովանդակությունից, որը մենք դնում ենք դրա տակ»,-նշեց Խզմալյանը:
Երկրորդ բեւեռն , ըստ նրա, կհամախմբվի Գագիկ Ծառուկյանի շուրջ եւ կլինի հավաքվող ռուսամետ կամ ռուսաստեղծ քաղաքական ուժերի խմբավորումը. «Դա շատ խայտաբղետ եւ փխրուն դաշինք է լինելու, այնտեղ լինելու են հատուկ ծառայությունները, լինելու են տարբեր նախկին իշխանությունների բեկորներ, լինելու են մարդիկ, ովքեր ուղղակի դրա միջոցով փող են աշխատում: Սարսափելի մի խճանկար է լինելու, եւ նրանք իսկապես լինելու են քանակությամբ երկրորդ ուժը՝ բավական մեծ եւ լուրջ, որովհետեւ այնտեղ մեծ եւ լուրջ նյութական ու կազմակերպչական ներուժ է աշխատում, կարծում եմ, հավակնելու են 1/4- ից մինչեւ 1/3 ձայներ՝ գնելով, կաշառելով»:
Այս դաշինքն, ըստ բանախոսի՝ իրականում որւեէ վստահություն չի կարող ներշնչել: «Կարող եմ ասել, որ նրանք կներկաայցնեն աշխարհում հաճախ հանդիպող բրենդը` դա դեմագոգիան է` դեմոկրատիայի շորերով, դեմագոգիա է դեմոկրատիայի փոխարեն, դա կապահովի իրենց ձայները: Ռուսաստանը փող չի խնայի նրանց մակերեսի վրա պահելու համար, սակայն հիմա էս պահին նրանք ապահովում են այն, ինչ ունենք` դա երկիշխանությունն է»:
Դաշնակցության չարաբաստիկ «ճկունությունը», Խզմալյանի խոսքով, ՀՅԴ-ին կտանի դեպի այն բեւեռ, որը դառնալու է նոր իշխանություն: