26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ներքաղաքական տրանսֆորմացիա. ինչու՞ են հիմա հրաժարական պահանջում

Ի տարբերություն Հայաստանի, որտեղ եղել է քաղաքական ճգնաժամ,  Արցախում քաղաքական ճգնաժամ չի եղել եւ չկա: Արցախի ներքաղաքական իրավիճակին անդրադառնալով, Henaran.am –ի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանը երկրի ներքաղաքական զարգացումները մի քանի հարթության մեջ է դիտարկում եւ նշում՝ տեղի ունեցածը  ցույց տվեց, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է:

 «Եվ հունիսի մեկի բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը եւ հունիսի 13-ի քաղաքականացված հանրահավաքը, որին հավաքվել էին մոտ  30 հոգի, ապացուցեցին, որ կապ չունի, թե որքան մարդ կհավաքվի,  ուզում է 1 մարդ էլ լինի, իրավական առումով իրավունք ունի իր ձայնը բարձրացնելու: Սա ցույց է տալիս, որ մենք իրավական, ժողովրդավարական պետություն ենք»,-ընդգծեց  Դավիթ Բաբայանը:

Դավիթ Բաբայանի խոսքով, այս զարգացումները նաեւ ցույց տվեցին, որ Արցախում պետություն կա եւ այն ուժեղ է: «Մենք նաեւ տեսանք, որ Արցախում բոլորը պարտավոր են հետեւել օրենքներին:  Եթե օրենքը ասում է, որ դուք իրավունք ունեք կազմակերպել հանրահավաք, ուրեմն  ամենափոքր ուժն էլ լինի, պետք է օգտվի այդ հնարավորությունից, բայց օրենքը նաեւ սահմանափակումներ է դնում՝ որեւէ մեկը չի կարող պարտադրել իր կամքը երկրին եւ պետությանը», – ասաց Դավիթ Բաբայան:

Դավիթ Բաբայանի խոսքով, եթե իրավիճակը վերլուծենք քաղաքական հարթության մեջ, ուշագրավ տրանսֆորմացիա կտեսնենք:  Մասնավորապես, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի պահանջներին, որոնց թվում նաեւ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջն է, Դավիթ Բաբայանը նշեց. «Ինչո՞ւ են այդ մարդիկ հենց հիմա հրաժարական ուզում , մեկ ու կես տարի է մնացել մինչեւ  2020 թվականը: Անկախ ամեն ինչից, թե որքան ցնորամիտ է մոտեցումը, որ մի հոգի գա եւ ասի՝ ինձ ընտրեք ԱԺ նախագահ, պետք է հասկանանք, որ նրանք պարզապես վախեցած եւ ահաբեկված են 2020 թվականից, որովհետեւ իրենց ողջ քաղաքականությունը կառուցել են միայն մեկ մարտավարության վրա՝ քննադատել իշխող ուժին, կոնկրետ անձանց եւ ասել, որ նրանք ուզում են մինչեւ 2030թ-ը, 2040թ-ը իշխանությունը պահել»:

Ըստ ԼՂ նախագահի խոսնակի՝ այն բանից հետո , երբ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ չի պատրաստվում առաջադրվել 2020 թ. ընտրություններին, ի հայտ եկավ այդ խորքային խնդիրը:  «Արցախցիների մոտ մի յուրահատկություն կա, արցախցին կարող է մոռանալ չարաշահումը, ոչ պրոֆեսիոնալիզմը, բայց շատ ցավագին է ընդունում անարդարությունը: Եթե նախագահը հայտարարեր, որ կառաջադրվի 2020թ. ,իրենք  սրա վրա կկառուցեին իրենց քաղաքականությունը՝ իրենց թերությունները եւ սխալները փակելու նպատակով: Հիմա, որ գործող նախագահն ասում է՝ ես չեմ մասնակցում, նրանք պետք է ռազմավարություն փոխեն, ոչ թե կեղտոտեն ուրիշներին, նրանք պետք  դուրս գան հանրության առաջ եւ ասեն՝ ես այսինչ, այսինչս, ուզում եմ դառնալ նախագահ, բայց փնովելով չի կարելի սեփական թերությունները քողարկել:

Հանրությունը նրանց պետք է հարցնի՝ ուզո՞ւմ եք փոփոխություններ անել, դուք ո՞վ եք, արդյո՞ք  դուք կոռումպացված չեք»,-Henaran.am –ին ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Արցախի ժողովուրդը ցույց տվեց,  որ շահակումների ենթակա չէ, իսկ դա, Դավիթ Բաբայանի համոզմամբ, քաղաքական գիտակցության ամենաբարձր աստիճանն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ