՛՛Կասեն՝ ծախված Մարգարիտ Եսայանը դեմ է՛՛. բեռ ունի եւ տղամարդկություն
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՛՛մարտի մեկի՛՛ իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իր ելույթի սկիզբն ուղղեց Ալեքսանդր Արզումանյանին , ով քիչ առաջ Եսայանին էր անդրադարձել:
՛՛Զուրաբյանի առաջարկից հետո ես խոսել եմ ոչ թե բերկութի, այլ Սիրիայի զոհերի մասին: Սա ուղղակի ի գիտություն՛՛:
Անցնելով ՛՛մարտի մեի՛՛ հանձնաժողովին՝ պատգամավորը հիշեց հնդկական ասացվածքը. հնդիկ առաջնորդներից մեկը իր մոտ եկած մարդուն ասում է՝ կարևոր չէ, դու ով ես, որտեղից ես եկել: Կարևոր է, որ դու քո ոտքերով ինձ հետ միասին կանգնես կրակի վրա ու դիմակայես՝ հաստատ իմանալով՝ որքան երկար դիմակայես, այնքան ավելի լավ է լինելու քո երեխաների, քո ցեղի համար՛՛:
՛՛Հիմա ինձ համար կարևոր չէ այստեղ նստածներն ինչ նպատակով, ինչ շահ հետապնդելով և ինչի են խոսում: Ինձ համար որպես ՀՀ քաղաքացի, մայր, նախկին լրագրող, տատիկ ու քաղաքական գործիչ, կարևոր է՝ այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրը պատրաստ են միասին կանգնել կրակի վրա, այրվել, որ այս երկիրը, մեր երկիրը, ի վերջո, դառնա այն երկիրը, որի նույնքան տուժողներն ու սիրողները նույն ձգտումներն ունեն, նաև Նիկոլը նույն սիրով ու համակցությամբ լինեն՛՛:
Նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը կուզեր, որ իր կողմից շատ սիրված Նիկոլ Փաշինյանն ասեր՝ ՛՛մի քիչ էլ ինքն է մեղավոր, կամ գուցե շատ, կամ ես՝ խոսելով մեղավորների մասին, ասեի, որ մի քիչ էլ ես եմ մեղավոր, կամ գուցե շատ: Երբ այս տրամաբանությամբ ապրենք, այս երկիրը, որ անտեր չէ, ավելի լավը կլինի: Առաջինը ես եմ պահանջատեր, որ մարտի մեկի բոլոր մեղավորները պատժվեն՝ անկախ նրանից իմ սիրելին են, թե ոչ՛՛,-ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ այս դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով արդեն եղել է, և ինքը դեմ է, որ կրկին այն ստեղծվի, թեկուզև հասկանում է ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունը, պատասխանատվությունը զոհերի հարազատների հանդեպ:
՛՛Ինձ կարող են քարկոծել ու ասել, որ ծախված Մարգարիտ Եսայանը դեմ է հանձնաժողով ստեղծելուն: Ես գիտեմ մեր խմբակցության, իմ քաղաքական թիմի որոշումը, բայց ես ունեմ այնքան տղամարդկություն՝ կանգնել, ասել, որ կողմ եմ, բայց չեմ ասի, որովհետև կողմ չեմ այդ հանձնաժողովին:
Եթե իմ թիմն ասեր, որ կողմ է, ես պիտի ասեի, որ դեմ եմ՛՛: Եսայանն առաջարկում է դիմել կառավարությանը՝ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ ու բացատրել, թե ինչու մինչև հիմա չեն փոխհատուցել զոհերի հարազատներին:
Պատգամավորն ասաց, որ իրավունք ունի ասելու. ՛՛Ընդհանրապես ընդդիմություն լինելը լավ բան է, երբ թուրդ աջ ու ձախ կարող ես շրմփացնել, բայց գալիս են բազմաթիվ հարցականներ՛՛ … իսկ իշխանությունն ավելի պատասխանատու է իրեն զգում:
՛՛Հիմա որոշ լրատվամիջոցներ կգրեն, որ Մարգարիտա Եսայանը ՛՛Հանրապետականի՛՛ բեռը վերցրել է իր ուսերին, բայց ես իմ բեռն եմ տանում … Եկեք բզիկ-բզիկ չանենք այս ողբերգությունը, սա մեր պետության ողբերգությունն է:
Մարտի մեկի հանրահավաքի մասնակիցներին էլ դիմեց. ՛՛Ես սիրով կգնամ այդ հանրահավաքին, առանց ցուցադրամոլության և դեմագոգիայի, բայց ես կուզեի՝ մարդիկ, որ հավաքվում են այնտեղ, հավաքվեն ոչ թե ընդդեմի, այլ հանունի, այդ դեպքում դուխով իշխանություն կունենանք, երբ որ բոլորս իրար սիրենք՛՛:
Եւ վերջում դարձյալ անդրադարձ Ալիկ Արզումանյանին, ում խոսքով՝ Եսայանը ոչ այս կողմ է, ոչ այն կողմ: ՛՛Եկեք իմ վրայով անցեք, ես պատրաստ եմ, բայց մնացեք սրտացավ ու բարեգութ՛՛: