Այս շիլան եփվել է մեկ հասցեում. Իրատես
Դու՞ք էլ ոչ մեկի հրաժարականը չեք պահանջել: Ավելի վատ: Դուք դուրս եք տրենդից: ժամանակից եք դուրս թռել: Դուք երկրից եք թռած: Շտապ, անհապաղ կամ հրաժարական եք տալիս, կամ ինչ-որ մեկի հրաժարականն եք պահանջում: ՈՒ՞մ: Կարևոր չէ: Պահանջում եք, ու՝ վերջ: Թեկուզ հարևանի: Թող տունը ծախի-գնա: Իսկ ավելի լավ է՝ նվիրի: Ձեզ: Չի կարելի այստեղ ու հիմա ապրել ու ոչինչ չանել:
Բոլորը բոլորին ու ամեն ինչ մերժող ժամանակներ ենք ապրում: Քաղաքականությունից՝ մերձքաղաքականություն ու քաղաքականությունից դուրս: Այսօրվա երեկվանները մերժում են վաղվա այսօրվաններին, բոլորը մերժում են երեկվաններին, երեկվանները՝ վաղվաններին, ու՝ այդպես: Եթե կարող եք, քայլ արեք, եթե ոչ, կողմ քաշվեք ու ոտքի տակ մի ընկեք: Այլապես կպարզվի, որ դուք Կիկոսն եք, որ ծառից ընկավ, ու գիտեք՝ ինչ եղավ: Մի տարբերությամբ՝ այդ ծառը դեռ տնկված չէ, բայց դուք կընկնեք, ու՝ վերջը նույնն է: Չէ, իհարկե, ապրում ենք սիրո ու համերաշխության հեղափոխության ստվերի տակ: Ամբողջ հարցը ստվերն է, երբ գլուխ են բարձրացնում ոչ միայն արև տենչացողները, այլև ստվերի սատանաները: Բոլոր նրանք, որ կարող են իրենց վաճառել, վաճառում են, ինչ գին էլ տան:
Վաղը պահանջարկը կընկնի, առաջարկը ևս սահմանափակված է ժամանակի մեջ: Իսկ ընդհանրապես, երբ հայոց փառապանծ ոստիկանությունը կոռուպցիայի դեմ պայքարի ու հրավառությունները 23.00-ից հետո կանխելու գործը գլուխ բերի, պարտավոր է քրեական գործ հարուցել: Ավելի շուտ: Եթե ոչ ոստիկանությունը, ԱԱԾ-ն արդեն պիտի զբաղվեր այն հայտարարություններն անողներով, որ հոկտեմբերի 27-ը Աստծո պատիժն էր Վազգեն Սարգսյանին, որ իբր կաշառք էր վերցրել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին կաթողիկոս դարձնելու համար:
Առավել ևս, որ Էջմիածնում էլ միտինգ անողները հայտարարում են, թե գեներալ Մանվելը Վազգեն Սարգսյանի նվերն էր քաղաքին: Այս շիլան եփվել է մեկ հասցեում, ու այդ հասցեատերը բավականին զորեղ է, որ իր նոր, ավելի ճիշտ՝ մշտական, խառնակչությունը տիրաժավորի լրատվամիջոցներով ու տեղավորի նոր տրենդում՝ հրաժարականների: Ամենակատաղի երևակայության ու վրեժի տերն էլ չէր հնարի, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը կաշառքով կաթողիկոս է նշանակել: Ընդհանրական չարության, ստորության ու շուրջբոլորը ապականություն տարածելու մոլուցքի մեջ խրվածներին հիշեցնեմ, որ կաթողիկոսական ընտրություններում երկու թեկնածու կար՝ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը և լուսահոգի Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, որ աղոթում ու բանաստեղծություններ էր գրում և կաթողիկոս դառնալու ցանկություն ուներ տարիքի բերումով:
Հիշեցնեմ նաև, որ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը իր թեկնածությունը հանեց, երբ կաթողիկոս էր ընտրվում Գարեգին Առաջինը: Իսկ գեներալ Մանվելը մինչև 1999-ի հոկտեմբերի 27-ը «Տիպ» չուներ ու ապրում էր Հորադիզում՝ սահման էր պահում: Ե՞րբ ու ինչու՞ վերադարձավ գեներալ Մանվելն Էջմիածին, ավելի լավ գիտեն երկրորդ ու երրորդ նախագահները: Բայց ոչ Վազգեն Սարգսյանը: Եթե Էջմիածինը անցանկալի նվեր է ստացել, նվիրողի հասցեն Բադրամյան 26-ն էր:
19 տարի է անցել, այնքան երկար ժամանակ չէ ամեն ինչ մոռացած լինելու համար, բայց և պարզվում է՝ բավարար ժամանակ էլ չէ հասկացած լինելու համար, որ Վազգեն Սարգսյանի վրա քար նետողներն իրենք իրենց վրա են քար նետում: Եվ, այնուամենայնիվ, ինչքան պետք է ատել հայ եկեղեցին ու ինչքան պետք է անհավատ լինել՝ հավատացնելու, որ կաթողիկոսին կաշառքով են նշանակել: Փողոցներում հրաժարական պահանջելու ու ծեծկռտուք սարքելու համար: Ինչքա՞ն ժամանակ է պետք հասկանալու, որ սա մարտահրավեր է ազգային անվտանգությանը, և հիմքում աղանդավորներն են ու նրանց բուն նպատակը եկեղեցին վարկաբեկելն է, հավատի հիմքերը խարխլելը:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: