Ֆրանսիայի ԱԺ պատգամավորները կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը
Ներկայացնում ենք “Լը Մոնդ օրաթերթ”ում նախօրեին հրապարակված ֆրանսիացի պատգամավորների կոչը:
Սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նշանակում է նպաստել
Հարավային Կովկասում վերջնական խաղաղությունն ամրակայմանը
Շուտով 20 տարին կլրանա 1994թ. մայիսի 12-ից ի վեր, երբ հրադադարի մասին համաձայնագիրը, ի վերջո, հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի երկարատև և դաժան հակամարտության դադարեցմանը: Ըստ էության ապագաղութացման այս իրական պատերազմից ծնվեց մի նոր պետություն` ընկած Հայաստանի և Ադրբեջանի միջև, հայկական հողերի տիրույթում, ապա և` ռուսական, թուրքական և իրանական
մշակութային սահմանագծերի միջակայքում:
Քսան տարին մի ողջ սերունդ է: Երիտասարդ ադրբեջանցիների և ղարաբաղցիների մի սերունդ, որ պետք է տեսած լիներ միայն խաղաղություն և որի անվտանգության և կյանքի անքակտելի իրավունքը պետք է ճանաչված լիներ: Սակայն ստիպված ենք նկատել, որ եթե պատերազմը ավարտված է, խաղաղությունը դեռ պետք է ձեռք բերել. հրադադարը խիստ անկայուն է մնում` փոխադարձ
ճանաչման վերաբերյալ փաստաղթի և անգամ կողմերի միջև պարզապես ուղիղ երկխոսության բացակայության պայմաններում: Այդ պայմաններում Ադրբեջանը, ինչպես և Լեռնային Ղարաբաղը զրկված են բնականոն և խաղաղ զարգացման
ցանկացած հեռանկարից :
Պետք է ձեռք բերել խաղաղությունը: Դա ի սկզբանե նշանակում է, որ պետք է ճանաչել փաստերի իրողությունը և գիտակցված ու կամովին կերպով ձեռնարկել թափանցիկ երկխոսություն, որի վերջնական հեռանկարը կլինի գործած սխալների ուղղումը: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ բազմակարծության և ընդհանուր առմամբ ժողովրդավարության արտահայտությունը իրական լինի երկխոսության կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետության մեջ:
Մենք` Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներս, հանդես ենք գալիս հանուն խաղաղության Հարավային Կովկասում` կողմերին կոչ անելով դրսևորել իրատեսություն և պրագմատիզմ. ո՛չ սպառնալիքները, ո՛չ ռազմատենչ հռետորաբանությունը, ո՛չ պատերազմական գործողությունները չեն համոզի նախկին գաղութ եղած Ղարաբաղին վերադառնալ Ադրբեջանի ”գիրկը”:
Հրադադարի հաստատումից քսան տարի անց ռազմական սադրանքների փորձերը կրկնվում են գրեթե ամեն ամիս` Ղարաբաղում հանգեցնելով քաղաքացիական և զինվորական նոր զոհերի ադրբեջանցի զինվորների ձեռքով, որոնց հարձակումները հետ են մղվում: Այդպիսի ողբերգությունների կրկնությունը
մեզ ամեն օր ավելի է հեռացնում խաղաղ գոյակցության որևէ հեռանկարից: Մեզ համար Ղարաբաղի ճանաչումը ամենևին չի նշանակում լինել Ադրբեջանի թշնամի: Ինչպես և մյուս բոլոր Ղարաբաղ այցելածները, մենք անցանկալի անձ (persona non gratae) ենք հայտարարվել ադրբեջանական վարչակարգի կողմից: Դա զավեշտալի և ապակառուցողական գործելաոճ է:
Խաղաղության ձեռքբերումը, նախևառաջ, անցյալի վերքերի բուժումն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նշանավորվել է ոճրագործություններով, որոնց վրա անհրաժեշտ է լույս սփռել: Դրանց զոհ են գնացել հայեր, ինչպես Սումգայիթում, Կիրովաբադում կամ Մարաղայում, և մեսխեթցիներ, ինչպես Խոջալուում:
1988թ. փետրվարի 27-ի Սումգայիթի ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր մարդիկ, հանդիսացան հակամարտության դրդապատճառը: Դա, իհարկե, հանգեցրեց ձերբակալությունների և դատավճիռների մասին սովետական իշխանությունների որոշմանը, սակայն պատժվեցին բացառապես կատարողները:
Իրական կազմակերպիչները պատասխանատվության չենթարկվեցին, և այդ սպանությունների կանխամտածված լինելու հանգամանքը մնաց անտեսված: Այս է ժողովրդավարության ուժը` վստահ լինել սեփական կարողության վրա, հիմնել անհրաժեշտ հանձնաժողովներ, որոնք կմերկացնեն պատասխանատուներին և կդատապարտեն իրական մեղավորներին` մեղմելով ցավը և նպաստելով
վերահաշտեցմանը:
Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ձեռք բերված ակնհայտ առաջընթացի ականատեսներ` մենք ուրախ ենք տեղեկանալ, որ “Freedom House” ոչ կառավարական կազմակերպությունը մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցում ներկայումս դիտարկում է այդ իրավիճակը որպես “մասնակի ազատ”:
Եվ մենք լիովին համաձայն ենք պարոն Արկադի Ղուկասյանի` ԼՂՀ նախկին նախագահի հետ, ով վերջերս նշեց, որ “հակամարտության կարգավորման նպատակը ոչ միայն թշնամանքից պաշտոնապես
հրաժարվելն է, այլև երկու ժողովուրդների միջև պատմական հաշտեցման հասնելը…, որպեսզի կանխվեն ապագա հակամարտությունները” , և որ “քաղաքացիական հասարակությունների միջև շփումները կարող են ճանապարհ ուրվագծել:
Մենք հույս ունենք, որ այս կոչը, որ մեր սեփական մոտեցումը արձագանք կգտնի Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շրջանում, որ նոր ուժերը, որոնք ի հայտ են գալիս այնտեղ, ի զորու են հրաժարվել ատելության քարոզչությունից և նայել ապագային:
Եթե այդ ուժերն ի հայտ գան, եթե ծնվեն երկխոսության և շփումների նախաձեռնություններ, թող այդ ուժերը վստահ լինեն, որ մեր համեստ շրջանակը կլինի իրենց հենարանը և աջակիցը:
Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուքեն և Գի Տեսյեն հանդիսանում են
Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամներ:
Ֆրանսուա Ռոշբլուան (կենտրոնամետ UDI)
Ռենե Ռուքե (ձախակողմյան PS)
Գի Տեսյե (աջակողմյան UMP)