Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը Նախիջևանի համար շատ մեծ վտանգ է պարունակում (Տեսանյութ). Արման Նավասարդյան
«Անկյան գլխի վրա առաջին տեղում դնել ցեղասպանության ճանաչման հարցը ճիշտ չէ, ես կփոխեի այդ քաղաքական վեկտորը: Հայաստանի արտաքին քաղաքականության համար մեկ խնդիրը չպետք է դարձնել Եղեռնի ճանաչման հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Արման Նավասարդյանի կարծիքով դա անախրոնիզմ է և խանգարում է մյուս բոլոր խնդիրների լուծմանը: «Ո՛չ Ամերիկայի, ո՛չ Իսրայելի և ո՛չ էլ որևէ այլ երկրի համար 100 տարի առաջ կատարված ողբերգությունը առաջնային չէ, որովհետև այսօր կան բոլորովին այլ հարցեր»,-նշեց դեսպանը:
Անդրադառնալով Նախիջևանի խնդրին Նավասարդյանն ասաց, որ Ադրբեջանը խախտելով այդ հարցի շուրջ ստորագրված բոլոր փաստաթղթերը հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար զարգացնելու իր ռազմական հնարավորությունները. «Մեր հաշվումներով այնտեղ մշտապես տեղի են ունենում ռազմական խաղեր, 2 տիեզերական կայաններից մկեը շատ ակտիվ հետախուզական աշխատանքներ են իրականացնում»:
Նավասարդյանի խոսքով Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը Նախիջևանի համար շատ մեծ վտանգ է պարունակում .«Ես չեմ բացառում, որ Արցախի ուղղությամբ գործողությունների վերսկսման դեպքում կստեղծվի 2 ճակատ, որտեղ մի ճակատը կունենա շատ թույլ թիկունք»: