25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամերիկյան վերլուծաբաններն անորոշ են գնահատում այս պահին ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը

Ամերիկյան վերլուծաբաններն անդրադառնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տեսանկյունից։ Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ինչպիսի զարգացումներ կլինեն ղարաբաղյան հակամարտության շուրջ հետհեղափոխական Հայաստանում քաղաքական իրավիճակի որոշակի կայունացումից հետո: Վերլուծաբան Ջեֆ Մանկոֆը կարծում է, որ այս պահին դժվար է անել այս առումով որևէ կանխատեսում:

«Դժվար է որևէ գնահատական տալ այս պահին ղարաբաղյան զարգացումների վերաբերյալ»։

Վերջինիս կարծիքով 2016 թվականի ապրիլյան պատերազմը մեծ անորոշություն մտցրեց հակամարտության կարգավորման ապագայի վերաբերյալ: Նա գտնում է, որ ապրիլյան պատերազմի ընթացքը ևս որոշակիորեն հեղինակազրկեց Հայաստանի նախորդ վարչակազմը, հատկապես բանակի պատերազմին պատրաստ լինելու տեսանկյունից:

Մանկոֆի կարծիքով Հայաստանի ներքաղաքական խնդիրների խորացումը կարող է հանգեցնել ռազմական բախումների վերսկսմանը:

«Այո, առկա է վտանգ, որ Երևանում անորոշության խորացումը կարող է առիթ տալ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը»,- նշում է Մանկոֆը:

Հայաստանի նոր վարչակազմը իշխանության ստանձնումից հետո որդեգրել է բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու մոտեցում: Դրա մասին է փաստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը մայիսի 9-ին Ստեփանակերտի մամլո ասուլիսի ընթացքում, ուր վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պետք է բանակցի միայն իր անունից: Վերլուծաբան Սթիվեն Բլանքը չի գտնում, որ այս մոտեցումը օգտակար կլինի հակամարտության կարգավորմանը:

«Ոչ ոք չի ճանաչի Ղարաբաղը որպես պետություն: Այն ցանկանում է լինել Հայաստանի մաս 1994 թվականից ի վեր: Բայց նման մոտեցումը կխափանի յուրաքանչյուր բանակցային գործընթաց»,- ընդգծում է Բլանքը։

Վերլուծաբանի կարծիքով Արևմուտքը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի՝ աջակցելու երկու կողմերին համաձայնության հասնելու համար: Ըստ նրա, Հայաստանի հետագա զարգացումը ևս կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։

«Կարծում եմ Արևմուտքը պետք է լրջորեն ներգրավվի հակամարտության դադարեցման գործում ու աջակցի կողմերին հասնել համաձայնությանը և այն ներկայացնել իրենց ժողովուրդներին՝ այսպիսով առաջ շարժվելով»,- ընդգծում է Բլանքը:

Վերլուծաբան Օլգա Օլիգերի կարծիքով էլ հայ-ռուսական ռազմական հարաբերությունների հետագա խորացումն անկասկած անհանգստացնում է Բաքվին, սակայն մյուս կողմից դա ավելի կաշխուժացնի զենքի մրցավազքը կողմերի միջև: Հիշեցնենք, որ Սոչի կատարած այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը խոսել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

«Հասկանալի է, որ Ադրբեջանին չափազանց նյարդայնացնում է Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունների խորացման վերաբերյալ Հայաստանի խնդրանքը: Սակայն դա նաև կարող է հանգեցնել նդան, որ Ադրբեջանը դիմի Ռուսաստանին ՝ ռազմական համագործակցության խորացման խնդրանքով, իսկ ռուսական կողմը միշտ պատրաստ է զենք վաճառել երկու կողմերին»,- ասում է Օլիգերը:

Վերլուծաբանները համակարծիք են, որ այս պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ընթացքը մնում է անորոշ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ