Քայլ արա՝ թավշյա հեղափոխությունից՝ թավշյա տեռոր
Ակնհայտ է, որ խորհրդարանում և խորհրդարանից դուրս քաղաքական ուժերի հարաբերակցությունը բացահայտորեն չի համապատասխանում գոյություն ունեցող արտախորհրդարանական առկա քաղաքական քարտեզին, ինչն անառողջ քաղաքական զարգացումների համար պարարտ հող է:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու քաղաքական և քաղաքակիրթ միակ ճիշտ ճանապարհը, կարծում եմ` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված առավելագույն սեղմ ժամկետում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելն է, ինչն ավելի կամրապնդի միջազգային հանրության մոտ քաղաքական ազգ լինելու մեր հավաքական կերպարը:
Իդեպ, այդ թղթապանակներում առկա է նաև իմ հեղինակած` «Ընտրությունների մասին» օրենքի նախագիծ, որը նախատեսում է համապետական համամասնական ընտրական համակարգ:
Շատ կարևոր է, որ մինչ այդ ազատության մեջ լինեն նաև քաղբանտարկյալները` ընտրությունների լիգիտիմության անխոցելիությունն ապահովելու համար:
Իմ դիտարկմամբ, ճանապարհային քարտեզը, որով պետք է իրականացվի սուղ ժամկետում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացումը, համեմատաբար անխոցելի է և, կարծում եմ, ընդունելի կլինի հասարակության մեծամասնության կողմից:
Եվ այսպես. հունիսի յոթին նախատեսված է ԱԺ-ում նորանշանակ կառավարության ծրագրի քննակումն ու հաստատումը: Ծրագրի փոխարեն, կարծում եմ, պետք է ներկայացվի մոտավորապես հետևյալ բովանդակությամբ քաղաքական ուղերձ.
«Ստեղծված քաղաքական իրողությունների պայմաններում, երբ գործող խորհրդարանի մեծամասնությունը փոքրամասնություն է խորհրդարանից դուրս, իսկ ԱԺ-ում ինը պատգամավորներով փոքրամասնությունը` մեծամասնություն արտախորհրդարանում, մենք պարտավոր ենք այս քաղաքական անոմալիայից օր առաջ ազատվել: Առողջ և բնականոն քաղաքական զարգացումների համար անհրաժեշտ է, որ խորհրդարանն իրապես արտացոլի քաղաքական ուժերի իրական պատկերը հասարակությունում:
Ստեղծված իրավիճակում միակ ճիշտ` քաղաքական, քաղաքակիրթ, նաև բարոյական լուծումը` ՀՀ Սահմանադրությաբ նախատեսված ամենասեղմ ժամկետներում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է: Կոչ եմ անում ընդունել այս քաղաքական ուղերձի` այս պահին մեր պետության համար կենսական անհրաժեշտությունը և այսօր չհաստատել ծրագիր: Կարծում եմ հասկանալի է, որ ծրագիր չհաստատելուց հետո պետք է չընտրվի նաև Սահմանադրության 149 հոդվածի 3-րդ կետով նախատեսած նոր վարչապետ, որի դեպքում ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով»:
Թե´քաղաքականապես, թե´ բարոյապես նման բովանդակությամբ ուղերձն անխոցելի է, և չեմ կարծում, որ ԱԺ-ում որևէ քաղաքական ուժ կամ գործիչ, ով քաղաքական առողջ և բնականոն զարգացումների կողմնակից է, չի համաձայնի այս ուղերձի ճշմարտացիության և անհրաժեշտության հետ:
Պետություն, որի պետական կառավարման համակարգը պառլամենտական է, պետք է հնարավորինս շուտ ազատվի այսօր ձևավորված պառլամենտական անոմալիայից:
Հորդորով իշխանավորին հեռացնելը կամ քվեարկություն պարտադրելը ժամանակի մեջ հաստատուն ընթացք է թավշյա հեղափոխությունից դեպի թավշյա տեռոր: Անհրաժեշտ է կառուցել նորը, որտեղ պետք է ոչ ևս լինեն հորդորով իշխանավորին փոխելն ու պարտադրանքով քվեարկություն կազմակերպելը, ինչը ժողովրդավարական չէ` հորդորողի և քաղաքականապես նվաստացուցիչ է` պարտադրվողի համար:
Հետևաբար, անհրաժեշտ է օր առաջ ազատ, արդար, և, որ ամենակարևորն է` վերջապես չկեղծված ընտրությունների միջոցով ժողովրդի քաղաքական իրական ընտրությունը բերել խորհրդարան:
Ուշացումն այս դեպքում իսկապես լի է անկանխատեսելի քաղաքական զարգացումներով, ինչի արդյունքում պետության ներքաղաքական կյանքը կարող է վերածվել քաոսի:
Հ.Գ. Կցանկանայի տեսնել նաև ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպելու այլ տարբերակներ:
Ռուբեն Հակոբյան
ՀՀ ԳԽ, ՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 5-րդ գումարումների պատգամավոր
Քաղաքական գիտությունների թեկնածու