23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆրանսահայերն Ալիեւին Փարիզում պետք է դիմավորեն որպես “կացնավորների պարագլուխ”

Երբ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 18-ին ժամանի Փարիզ, հազարավոր ֆրանսահայեր  Ադրբեջանի ղեկավարին պետք է դիմավորեն պաստառներով` պատկերելով նրան որպես “կացնավորների պարագլուխ” (“Bash Baltaji”)` արյունոտ կացինը ձեռքին: Հետաքրքիր է, որ բոլոր երեք լեզուներով էլ` ադրբեջաներեն, հունգարերեն եւ թուրքերեն “balta” նշանակում է կացին:

Բողոքի ժամանակ ֆրանսահայերը չպետք է իրենց ուժերը վատնեն անիմաստ կարգախոսներ` “Ամոթ Բաքվին” կամ  “Ամոթ Հունգարիային” գոռալով: Դրա փոխարեն, նրանք պետք է հանդես գան վճռական ուղերձով, որ Արցախը պետք է ճանաչվի որպես անկախ պետություն, որովհետեւ արցախահայությունը չի կարող գոյատեւել կացնահարող մարդասպաններին փառաբանող բռնատիրական վարչակարգի լծի տակ:

Հունգարիան եւ Ադրբեջանը, ակամա մեծ օգուտ են տվել հայերին` արտահանձնելով եւ ներում շնորհելով լեյտենանտ Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ կացնահարելով սպանել էր իր քնած հայ դասընկերոջը: Բազմաթիվ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ դատապարտել են Հունգարիային ու Ադրբեջանին` իրենց նողկալի գործողությունների համար: Հայերը պետք է օգտվեն այս ստոր գործից` հանրահավաքներ անցկացնելով աշխարհի բոլոր խոշոր քաղաքներում, այդ հարցը բարձրացնելով բոլոր միջազգային հանդիպումներում, ինչպես նաեւ դատական հայցեր ներկայացնելով եվրոպական դատարաններում ընդդեմ Հունգարիայի, Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի: Այժմ, երբ կացնահարող ոճրագործի ազատ արձակումն առաջ է բերել համաշխարհային կարեկցանք հայերի  եւ ակնհայտ հակակրանք ադրբեջանցիների նկատմամբ, Հայաստանը պետք է օգտվի այս նեղ եւ կարճատեւ բացված պատուհանի ընձեռած հնարավորությունից` ճանաչելու Արցախի անկախությունը եւ կոչ անել այլ երկրներին հետեւել իր օրինակին: “Google”-ի որոնումը բացահայտում է, որ վերջին տասն օրվա ընթացքում այս թեմայի շուրջ միլիոնից ավելի հոդվածներ են գրվել, որոնց ճնշող մեծամասնությունը` ի օգուտ Հայաստանի եւ ընդդեմ Ադրբեջանի:

Հայերը պետք է աշխարհին բացատրեն, որ ապարդյուն է խաղաղ բանակցություններ վարել Ադրբեջանի ղեկավարների հետ, որոնք միջազգային պայմանագրերին վերաբերվում են որպես զուգարանի թղթի: Վերջին ամենաթարմ օրինակը Ադրբեջանի արդարադատության փոխնախարարի օգոստոսի 15-ի նամակն է իր հունգարացի գործընկերոջը, որտեղ վերջինիս հավաստիացրել է, որ Սաֆարովին Բաքվին արտահանձնելու դեպքում նա ազատ չի արձակվի: Երկու շաբաթ անց, կացնահարողը ոչ միայն ազատ արձակվեց, այլեւ ստացավ պաշտոնի բարձրացում եւ պարգեւատրվեց  “Բալթաջիների պարագլխի” կողմից, որը սովորել է թուրք ղեկավարների` ոճրագործներին փառաբանելու եւ արձանագրություններին որպես անպետք թղթի կտորի վերաբերվելու փորձից:

Սակայն թուրքական իշխանություններն այնքան էլ բուռն ցանկություն չունեն իրենց անունները կապել Ալիեւ կրտսերի գարշելի պահվածքի հետ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ` պնդելով, որ Թուրքիան ոչ մի կապ չունի Հուգարիայից Սաֆարովի արտահանձնման հետ` չնայած Բաքու ժամանելուց հետո մարդասպանն իր երախտագիտությունն էր հայտնել Թուրքիայի աջակցության համար: Անկախ դրա ճշգրտությունից` թուրքական հայտարարությունը եւս հաստատում է, որ Ադրբեջանը մեկուսացված է մնացյալ աշխարհից եւ լքված խոշոր պետությունների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից, որոնք բոլորն էլ դատապարտել են Սաֆարովի ազատ արձակումը:

Հուսահատաբար Ադրբեջանի անվտանգության ծառայությունները հորինել էին «ASALA»-ի (Հայաստանի ազատագրման հայկական գաղտնի բանակի) մի կեղծ նամակ` ադրբեջանցի պաշտոնյաներին սպառնացող, որպեսզի Ալիեւը կարողանա ձեռք բերել համաշխարհային հանրության կարեկցանքը: Կեղծված նամակն այնպիսի հայտարարություններ էր պարունակում, որոնցով որեւէ հայ երբեւէ հանդես չէր գա, ինչպես օրինակ, պնդումները, թե իբր Ցեղասպանության ժամանակ կոտորվել է ընդամենը 600 հազար հայ. կեղծ թվեր, որոնք շրջանառվում են ժխտողական թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից: Ոչ մի հայ երբեք զոհերի ահռելի թիվը 1.5 միլիոնից չի նվազեցնի 600 հազարի: Ի պատասխան այս կեղծիքի «ASALA»-ն հայտարարություն տարածեց՝ հերքելով նամակի իսկությունը: Ադրբեջանցիների նման խարդախ գործողությունները հավաստի են դարձնում այն զրույցները, որ Ադրբեջանը կարող է որոշել «վերացնել Սաֆարովին»` իր «ազգային հերոսին»` հայերին նրա սպանության մեջ մեղադրելու համար:

Ճակատագրի հեգնանքով, Հայաստանն անցյալ կիրակի պարտության մատնեց Հունգարիային՝ դառնալով Ստամբուլում անցկացված Շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն: Ադրբեջանը գրավեց 10-րդ, իսկ Թուրքիան՝ 48-րդ տեղը: Հայերն իսկապես պետք է հպարտանան այս աներեւակայելի հաղթանակով (երրորդ անգամ), սակայն նրանք պետք է ձեռնպահ մնան այլ երկրների ժողովուրդների մասին վիրավորական արտահայտություններ անելուց: Բոլոր ազգությունների մեջ էլ կան լավ եւ վատ մարդիկ: Հունգարիայի, Ադրբեջանի կամ Թուրքիայի ժողովուրդների հանդեպ վատ զգացումներ տածելու փոխարեն, հայերը պետք է ընդդիմանան նրանց, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանությունը, արտահանձնում քրեական հանցագործին կամ փառաբանում կացնահարող մարդասպանին:
Ամերիկայի ադրբեջանական ընկերության նախագահ եւ «Pax Turcica» ինստիտուտի համահիմնադիր Թոմրիզ Ազերին, News.az կայքում տեղադրված հարցազրույցում խորհուրդ է տալիս ինձ՝ Թուրքիային քննադատելու փոխարեն օգնել լուծել Արցախի հակամարտությունը: Ազերին հայտարարել է. «Ես անկեղծորեն մաղթում եմ, որ մինչեւ մեկ այլ թուրքատյաց ներբող հեղինակելը, պարոն Սասունյանը վերլուծի, թե ինչ կարելի է անել հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար»: Իմ խորհուրդն է Թոմրիզ Ազերիին՝ չժխտել անցյալի ոճիրները, չգործել նորերը՝ կացնով կամ առանց կացնի, իսկ հետո հետամուտ լինել խաղաղ լուծումների, այլ ոչ թե ռասիստական հակահայկական զանգվածային հիստերիա հրահրել «Bash Baltaji»-ի եւ նրա համախոհների կողմից:

Հարութ Սասունյան
“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ