Դեռ 2015 թ-ին Նիկոլ Փաշինյանը հստակ մեսիջ տվեց իշխանությանը. Աստղիկ Ավետիսյան (տեսանյութ)
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանն ասում է, որ 10 տարիների ընթացքում անջրպետ էր առաջացել հասարակության ու իշխանական համակարգի միջև: «Որովհետև իշխանությունը, բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, կարծես թե, հեռացել էին բուն հասարակությունից և ինքնուրույն ծավալում էին կառուցվածքային որոշ գործունեություն, որը չէր բխում հասարակության շահերից»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Ավետիսյանը:
Վերջինս նկատեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը 2015 թ-ին ստեղծեց իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մեսիջ տվեց իշխանությանը: «Ասում էր՝ «մենք գնում ենք իշխանափոխություն իրականացնելու՝ ամենակարճ և իրատեսական ճանապարհով»: Իրականում իշխանությունը երբեք մտքով չէր էլ անցկացնի, որ նման համաժողովրդական շարժում կարող է լինել: Այստեղ է հետաքրքիր, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ միակ լիդերը տվյալ իրավիճակում, այսինքն՝ այն հասարակության, որտեղ դժգոհողները, կասկածամիտները շատ են, այս մարդիկ մեկ հոգու անվերապահորեն վստահեցին»,-ասաց բանախոսը:
https://www.youtube.com/watch?v=QzbitMx-aNU
Նա նկատեց, որ «Իմ քայլը» շարժումն իր առջև խնդիր էր դրել այցելել տուն առ տուն, բակ առ բակ, ծանոթանալ ամեն մեկի խնդիրներին ու հետո ներկայացնել: Աստղիկ Ավետիսյանը կարևորեց շարժման կարգախոսը, հիմնը, այլ խորհրդանիշերը: