Սևանա լճից ջրբացթողումներն այսուհետ կվերահսկվեն նորաստեղծ դիսպեչերական կենտրոնի կողմից
Սևանա լճից ջրբացթողումների առավել արդյունավետ կառավարման նպատակով Ջրային տնտեսության պետական կոմիտեն դիսպեչերական կենտրոն է ստեղծել, որում առցանց ստացվելու, կուտակվելու և վերլուծվելուն են Սևանա լճից ջրի բացթողնման, հաշվառման, ինչպես նաև՝ բաշխման հետ կապված բոլոր թվային տվյալները:
Սևանա լճից ջրի բացթողումն իրականացվում է ՀՀ կառավարության երկու որոշումների հիման վրա. «Պայմաններ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման և Սևան-հրազդան համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման մասին» որոշմամբ սահմանվում են ընդհանուր պայմանները, իսկ «Ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի մասին» ամենամյա որոշմամբ՝ ջրբացթողնման տարեկան ծավալները:
Սևանա լճից բացթողնված ջուրը հոսում է Սևան-Հրազդան դիրևացիոն ջրանցքով, որից էլ սնվում են ոռոգման մայր ջրանցքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՋՏՊԿ-ի համար Սևանից կատարվող ջրբացթողնման միակ նպատակը ոռոգման կայուն ջրամատակարարում ապահովելն է, որոշվել է օպերատիվ արձագանքման դիսպեչերական կենտրոն ստեղծել, որը Սևան-Հրազդան դիրևացիոն ջրանցքի կառավարչի կողմից ստեղծված համանման կենտրոնի հետ համագործակցությամբ՝ կիրականացնի ջրբացթողնման ընթացքի համատեղ, առավել արդյունավետ կառավարումը: Այս գործընթացի հիմնական նպատակը ջրբացթողնման ընթացքում ոռոգմանը գերակայություն տալն է, ինչպես ամրագրված է ՀՀ կառավարության որոշումների մեջ:
Կենտրոնի աշխատանքներում ներգրավված են «Ջրառ» ՓԲԸ 4 մասնագետներ, առաջին անհրաժեշտության տեխնիկական միջոցներ, համակարգիչներ և արդի հաշվառման սարքավորումներ: Կենտրոնը հնարավորություն ունի առցանց ռեժիմով հետևել ջրանցքով կատարվող ջրբացթողնման, ջրանցքի գլխամաս հասնող ջրի ծավալներին, «Սևան-Հրազդանյան» համակարգի յուրաքանչյուր ՀԷԿ-ով անցնող ջրաքանակին և այլն:
Սևանից կատարվող ջրբացթողումները և, ընդհանրապես, ոռոգման համակարգն ամբողջությամբ հաշվառելի դարձնելու համար, ըստ ՋՏՊԿ մասնագետների հաշվարկների, անհրաժեշտ է 2100 ջրաչափական սարքավորում: