Մայրական եւ մանկական մահացության ցուցանիշները Հայաստանում
ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքով. Հայաստանում վերջին տարիներին մոր եւ մանկան առողջության պահպանման բնագավառում արձանագրվել են լուրջ հաջողություններ, մասնավորապես` տպավորիչ են մանկական եւ մայրական մահացության ցուցանիշների նվազեցման միտումների վերաբերյալ տվյալները:
Մասնավորապես, մայրական մահացության 2011-2013թթ. միջին եռամյա ցուցանիշը (19.2/100000 ծնունդից) 2008-2010թթ. նույն ցուցանիշի համեմատ (23.2/100000 ծնունդից) նվազել է 17%-ով, իսկ մանկական մահացության տարեկան ցուցանիշը, վերջին երեք տարիների ընթացում` շուրջ 16%-ով (2011թ.` 11.6‰, 2013թ.` 9.8‰): Մանկական մահացության ցուցանիշի այս նվազումը ուղեկցվել է ինչպես երեխաների հիվանդանոցային մահաբերության, այնպես էլ տնային մահացության ցուցանիշների կրճատմամբ:
Ինչ վերաբերում է մայրական մահացության ցուցանիշներին, ապա նախարարության մոր եւ մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ առաջին անգամ մայրական առողջության ոլորտում մայրական մահացության ցուցանիշը եղել է 20 պրոմիլից ներքեւ, ինչը 2000թ-ի համեմատ նվազել է 2 անգամ (2000թ-ին այդ ցուցանիշը եղել է 40 պրոմիլի սահմաններում): Թեեւ սրանով Հայաստանում առաջընթաց կա, սակայն Եվրամիության երկրների համեմատ մայրական մահացության դեպքերը դեռեւս շատ են: