Բա ես պիտի սուս կանգնե՞մ, ինձ գան, քաշքշե՞ն. Ռուստամյան
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը քիչ հավանական է համարում, որ խորհրդարանի վաղվա նիստը, որտեղ պիտի քննարկվի վարչապետի թեկնածուի հարցը, արտագնա լինի: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին:
«Դա պիտի Ազգային ժողովի որոմամբ տեղի ունենա, և ես այդպիսի որոշման նախագծից տեղյակ չեմ, դրա համար Ազգային ժողովը պետք է հավաքվի, որ որոշում կայացնի: Չեմ կարծում, որ տեղը կփոխվի, Ազգային ժողովն իր տեղում է, ոչինչ չի կարող խոչընդոտել այդ նիստերի գումարմանը»,-ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ լուրեր էին շրջանառվում, որ նիստը կլինի արտագնա, քանի որ ՀՀԿ-ի թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասնակիցները հայտարարել են, որ վաղը շրջափակելու են խորհրդարանի շենքը և թույլ չտան պատգամավորներին գնալ քվեարկության:
«Գրեթե անհնար եմ համարում, որ վաղվա նիստը տեղի չունենա, տեղի է ունենալու մեր մասնակցությամբ: Կգա ժամանակը, որ կտեսնեք, որ այն քայլերը, որ ուղղված են նրան, որ հակաօրինական բան պահանջեն, այդ պահանջողներն են հայտնվում խոցեփլի վիճակում: Եթե տենց էր, թող Ազգային ժողովը շրջափակեին առաջին նիստի օրը, Ազգային ժողովը եթե լեգիտիմ է, պատգամավորներն էլ պիտի իրենց իրավունքը կատարեն»:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե ժողովուդրը պահանջում է, որ մանդատները կասեցնեն, Արմեն Ռուստամյանն արձագանքեց, թե 3 հոգի հավաքվում են, ասում են՝ ժողովուրդ:
«Այս բառը հերիք է շատ հեշտ ու հանգիստ օգտագործեն: Ամեն մեկն իր կամքը դնում է ժողովրդի վրա ու պահանջում, ասում, որ իմ կամքը ընդունեն որպես ժողովրիդ ասած: Եթե այդպիսի մարդիկ գան իշխանության, ավելի վտանգավոր կլինի, քանի որ իրենք արդեն ուզուրպացնում են իշխանությունը, այդ ո՞նց որոշեցիք, որ ժողովուրդը իշխանությունը տվել է ձեզ»:
Հարցին, թե եթե այնուամենայնիվ, շրջափակեն ԱԺ շենքը, ինչ է անելու, նա ասաց.
«Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի խոչընդոտները հաղթահարեմ, եթե իմ դեմ դուրս գան անօրինական մեթոդներով, ես ունեմ իմ օրինական իրավունքները, որոնք պիտի պաշտպանեմ: Դա պիտի անի, իհարկե, ոստիկանությունը: Եթե, օրինակ, մեկը գա, փողոցում ձեզ ապտակի, ի՞նչ պիտի անեք, ես ենթադրում եմ, որ առնվազն կապտակեմ, ու կստացվի՞ ես եմ ապտակել, ոչ նա ապտակել է, պատասխանն ստացել է, ապտակին՝ ապտակ, բռունցքին՝ բռունս:
Բա ես պիտի սուս կանգնե՞մ, ինձ գան, քաշքշե՞ն, ասե՞ն՝ մի մտի, ես կգտնեմ իմ արձագանքը»:
Հարցին՝ անկախ նրանից, թե ով կլինի կանգնաց իր դիմաց, նույնիսկ պատգամավոր, Ռուստամյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի՝ ով է դիմացս, դա իմ իրավունքն է, ձեր իրավունքն էլ է , ձեզ էլ եմ կոչ անում՝ թույլ մի տվեք, որ որևէ մեկը ձեզ հանիրավի վիրավորի»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի խորհրդի նիստը Ծաղկաձորում անցկացնելուն, ապա պատգամավորն ասաց, որ դա գաղտնի չի արվել, արդեն իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ գործադիր մարմինը խորհրդին առաջադրելու էր Սերժ Սարգսյանի թեկնածությունը: