Իմիտացիաներ են անում իրար հետևից. Մարուքյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԿԸՀ-ի տարեկան հաշվետվության ժամանակ նշեց, որ դեռ ավելի վաղ են ասել, որ ռեյտինգային համակարգը քողարկված, ավելի վատ մեծամասնական ընտրակարգ է, և հետևանքը եղավ այն, ինչ եղավ: «Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի այս հաղորդմանը, ապա Պետաիրավական հանձնաժողովի նիստում արձանագրել ենք, որ այս հաղորդումը չի արտացոլում այն պրոբլեմները, որ եղել են ընտրությունների ժամանակ: Խոսքը գնում է «Զիբիլիքսի» հայտնի գործի մասին, դրա ընթացակարգի, նաև ուսուցիչների դեպքի: Այսինքն՝ զեկույցը չի ներառում մեր բողոքներն ու դժգոհությունները»,-հայտարարեց նա:
Պատգամավորն ասաց, թե ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն մեկնաբանում է այս դեպքով պատժի բացակայությունը, թե չի կարող քննել, թե որ համակարգչով են տպվել փասթաղթերը, տարբեր տվյալները, թե ինչպես ընտրակաշառք բաժանել և այլն, անուն-ազգանուններ, շտաբի ղեկավարներ: «Սա է ասում ու մերժում է մեր դիմումը, որից հետո դիմում ենք Գլխավոր դատախազին, քրեական գործի հարուցումը մերժվում է, ինչ-որ քննություն է իրականանում, մի խայտառակ պրոցես, որից հետո մերժվել է, ու որևէ պատասխանատվություն, որևէ հայտնաբերված անձ չկա: Այ սրա մասին է, որ ասում ենք՝ իմիտացիաներ են անում իրար հետևից»:
Ապա Մարուքյանն ընդգծեց, թե խորհրդարանական այս համակարգում, որն ասելիս իր ծիծաղն է գալիս, երաշխիքներ չկան, թե վերոնշյալների պատասխանատուները կպատժվեն կամ նույնը չեն կրկնի: «Եթե մենք պատասխանատվության խնդիրը չենք լուծում…ես օրինակ պատկերացնում եմ, թե որ համակարգի պայմաններում ոնց կարելի է փող բաժանել, մեթոդներն են փոխվում, այլ «շպարգալկաներ» կլինեն, օրինակ՝ հաշվեհամարին փոխանցել, հյուրասենյակում տալ…եթե այս խնդիրները չենք լուծում, չեմ կարծում, որ մինչև մյուս ընտրությունները ընտրական համակարգի նկատմամբ կլինի վստահություն»,-շեշտեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ապրիլի 2-ին կայացած ընտրություններին, ապա Մարուքյանը հիշեցրեց իրենց՝ ավելի վաղ արված գնահատականները՝ փող է բաժանվել, կեղծիքներ են եղել, մի խոսքով՝ տխուր իրողություն է եղել: