Արա Բաբլոյանը շնորհավորել է
«Սիրելի մայրեր,
ի սրտե շնորհավորում եմ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ:
Ձեզնից են սկսվում սերն ու նվիրումն առ հայրենիք, որոնք երբեք չեն վերջանում, ինչպես ձեր մայրական զգացմունքները: Կյանք պարգեւելու վեհ առաքելությունից հետո դուք շարունակական կարեւոր դեր ունեք մարդու, հասարակության ու պետության կյանքում: Ձեր սերմանած բարությունն ու ջերմությունն անդավաճան ուղեկից են միջանձնային ու նաեւ միջպետական շփումներում: Որպես ընտանիքի հիմնասյուն, որպես մարդկային լավագույն որակների ամբողջություն՝ ձեր իմաստնությամբ ու սիրով գեղեցկացնում եք աշխարհը եւ հուշում, թե ինչպես կարելի է կառուցել մարդկանց ու երկրների փոխհարաբերությունները:
Երախտագիտության զգացումով ցանկանում եմ առանձին շնորհավորել զինվորների մայրերին, ում ծնած ու դաստիարակած զավակների շնորհիվ է մեր սահմանը հուսալիորեն պաշտպանված, իսկ արժանապատիվ խաղաղությունը` երաշխավորված:
Շնորհավորանքների հետ մեկտեղ խորին հարգանքս եմ հայտնում բազմազավակ մայրերին, ովքեր իրենց յուրահատուկ մասնակցությամբ են ձեւավորում երկրի ժողովրդագրական պատկերը:
Մաղթում եմ բոլորիդ առողջություն, երջանկություն ու բարեկեցություն»,-նշված է ՀՀ Ազգային ժողովի նախագահի ուղերձում: