Ինֆորմացիայի պակասն է իրարամերժ տեսակետներ առաջացրել ՌԴ ԶՈւ տեղակայման վերաբերյալ (տեսանյութ)
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է, որ այն, որ Հայաստանում կա այլ պետության բազա, հարցեր է առաջացնում: «Պետք է բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տրվեն, ստացվում է, որ սպասում ենք ինչ-որ պահի, որ այդ հարցերը բարձրացնենք, այնինչ կան միջպետական պայմանագրեր, որ կնքվել են դեռ առաջին նախագահի ժամանակ, որոնք թույլ են տալիս որոշակի ընդլայնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալավերդյանը՝ խոսելով Հայաստանում ռուսական զինված ուժերի տեղակայման մասին:
Ըստ նրա՝ իրարամերժ մոտեցումները, որ կան այս որոշման նկատմամբ, ինֆորմացիայի պակասի պատճառով են, և իշխանությունների մեղավորությունն է, որ այդ ինֆորմացիան չկա, ու հասարակությունն էլ պառակտված է:
Լարիսա Ալավերդյանն, անդրադառնալով 2016 թվականի ապրիլյան պատերազմին, նշեց, որ Հայաստանը պետք է դիմեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ներկայացներ այն, ինչ եղել է, իսկ Ադրբեջանը ապրիլի 7-ին հաղորդել է, որ Հայաստանն է նախաձեռնել ու խախտել պայմանավորվածությունները: «Պատերազմն էլ քառօրյա է եղել արցախյան սխրագործությունների շնորհիվ»,-եզրափակեց նա: