26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Լիբանանին աջակցությանը նվիրված միջազգային համաժողովին

Մարտի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հռոմում մասնակցեց Լիբանանին աջակցությանը նվիրված բարձրաստիճան միջազգային համաժողովին, որին ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Արաբական պետությունների Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ էլ Ղեյտը, չորս տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ։

Իր ելույթում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Լիբանանի՝ մեկ պետության սահմանների ներքո գրեթե ողջ տարածաշրջանն արտացոլող բազմամշակութային, բազմազգ և բազմակրոն կառուցվածքին՝ ընդգծելով, որ մի կողմից դա մարտահրավեր է, քանի որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացում կարող է արձագանք գտնել այդ երկրում, իսկ մյուս կողմից հնարավորություն է, որն ընձեռում են բազմազանության առավելությունները:

«Այդ նույն պատճառներից ելնելով իրավիճակը Լիբանանում կարող է թե՛ բորբոքել տարածաշրջանային վերքերը, և թե՛ ներկայիս փոթորկահույզ ժամանակներում հանդես գալ, որպես խաղաղության կղզի և այլ երկրների համար համակեցության օրինակ հանդիսանալ: Այս ամենը մեծացնում է Լիբանանի նշանակությունը տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից և վերահաստատում միջազգային ներգրավվածության հրամայականը՝ աջակցելու այդ երկրին մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ այս առումով ներկա համաժողովը կկարողանա իր ուրույն նպաստը բերել, և դրան կհետևեն նաև համապատասխան գործնական քայլեր», նշեց Հայաստանի արտգործնախարարն իր խոսքում:

Խոսելով Հայաստանի համար Լիբանանի կարևորության մասին՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց, որ դարեր շարունակ հայ ժողովուրդը Մերձավոր Արևելքի և լիբանանյան խճանկարի ինքնատիպ մաս է կազմել՝ ակտիվորեն ներգրավված լինելով Լիբանանի սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականության մեջ՝ ներկայացված լինելով կառավարությունում և խորհրդարանում:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ հայերը կիսել են բոլոր այն դժվարությունները, որոնց բախվել է Լիբանանի ժողովուրդը, և վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Լիբանանի ժողովրդի կողքին ու պատրաստակամ է այսուհետ ևս իր ներդրումը բերել պետության ապահով ու անվտանգ ապագային: Այդ համատեքստում ընդգծվեց, որ Հայաստանը վերահաստատել է իր աջակցությունը Լիբանանի նախագահի՝ Երևան կատարած պաշտոնական այցի, ինչպես նաև երեք օր առաջ ՀՀ վարչապետի՝ Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Լիբանանին աջակցությանը նվիրված միջազգային համաժողովին Էդվարդ Նալբանդյանը, անդրադարձ կատարելով Հայաստանի կողմից Լիբանանում Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժերի (ՅՈՒՆԻՖԻԼ) կազմում հայ խաղաղապահների ծառայությանը, շեշտեց, որ ՅՈւՆԻՖԻԼ-ը միակ խաղաղապահ գործողությունը չէ, որին միացել է Հայաստանը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ գործողությունների հարցերով օգնականն այս առումով նշել է, որ «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»։ Իրապես, պատմությունը մեզ սովորեցնում է, որ անվտանգությունը համատեղ ջանքեր է պահանջում», ասաց նախարար Նալբանդյանը:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունն ընդլայնելու Լիբանանի հետ պաշտպանության և անվտանգության բնագավառներում համագործակցությունը՝ հիմնված արդեն իսկ սեղանի վրա գտնվող հստակ առաջարկների, ինչպես նաև նոր գաղափարների վրա:

Հատուկ ընդգծվեց, որ տարածաշրջանում Լիբանանի դերը չի սահմանափակվում ռազմավարական կարևորությամբ՝ շեշտելով ազգային-կրոնական բազմերանգության և պատմամշակութային ժառանգության առանձնակի արժեքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ