Մի ակնկալեք որևէ հրաշք տեսնել ձեր տանը` Տնօրհնեքի արարողությունից հետո
Մի ակնկալեք որևէ հրաշք տեսնել ձեր տանը` Տնօրհնեքի արարողությունից հետո: Հրաշք կկատարվի այն ժամանակ, երբ տան անդամները երկյուղ կունենան օրհնված տանը սուտ խոսել, վիրավորել միմյանց, դավաճանել միմյանց: Հրաշքը կատարվում է, երբ դուք կատարում եք ձեր նվազագույն, պարզ պարտականությունները, և ձեր ներկայությամբ ու արարքով չեք ոտնահարում տան անդամների իրավունքները:
Նայենք մեր ընտանիքներին, մեր մերձավորների ընտանիքներին, և առհասարակ մեր շուրջը: Քանի խաղաղ ընտանիք կգտնենք, որ քրիստոնեական շիտակ կյանքով է ապրում: Ապրում` ոչ թե ցույց է տալիս, որ ապրում է: Նայենք մեզ` որպես քրիստոնյաների, ինչպես ենք վարվում մյուս քրիստոնյաների կարիքների և նեղությունների հետ: Նայենք մեր հարուստներին և նայենք մեր կարիքավորներին:
Նայենք ծնող երեխա հարաբերություններին, այր ու կին հարաբերություններին և առհասարակ մարդկային բոլոր հարաբերություններին: Պատկերը ողբալի է: Այս երևույթը չի շրջանցում գրեթե ոչ մեկի ընտանիքը: Քրիստոսի քարոզած քրիստոնեությունը հաստատ սա չէր: Քրիստոնյան քրիստոնյայի կողմից ավելի շատ է փորձության մեջ ընկնում քան սատանայից: Սթափեցնող խոսքեր անընդհատ պետք է հնչի հոգևորականների կողմից:
Հարգանքս բոլոր հոգևոր նկարագրի տեր հոգևորականներին, բայց մեր` աշխարականներիս վիճակը ողբալի է համընդհանուր անտարբերության պատճառով: Աշխարականը ասում է հոգևորականի պարտքն է հավատացյալին դաստիարակելը, իսկ հոգևորականը ասում է հավատացյալի անտարբերությունն է պատճառը:
Արդյունքում ամեն օր մարդ է մեռնում`չմկրտված, չապաշխարած, Աստծուն չճանաչած և չխոստովանած, էլ չեմ ասում առանց թաղման կարգի ու քահանայի աղոթքի թաղած: Իրոք ո՞ վ է սրա պատասխանատուն:
Իսկ սաղմոսն ասում է. «Մարդկա՛նց որդիներ, մինչեւ ե՞րբ պիտի խստասիրտ լինէք. ինչո՞ւ էք ունայնութիւն սիրում եւ ստութիւն փնտռում»։
Ծովիկ Դավթյան