Իր հրեշտակներին հրամայել է քեզ համար. Աստվածաշունչը բացահայտում է
1 Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։
2 Ես կասեմ Տիրոջը. Իմ ապավեն եւ իմ ամրոց, իմ Աստված, որին ես հուսացած եմ։
3 Որովհետեւ նա կփրկի քեզ որսողի որոգայթից, չար ժանտամահից։
4 Նա կծածկի քեզ իր փետուրներով, նրա թեւերի տակ ապահով կլինես. Նրա ճշմարտությունը ասպար է եւ զրահ։
5 Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից. Այն նետից, որ թռչում է ցերեկը։
6 Այն ժանտախտիցը, որ խավարում շուռ է գալիս. Այն հարվածիցը, որ սատկեցնում է կես օրում։
7 Հազար հոգի քո կողմիցը կընկնեն, եւ տասն հազար՝ քո աջ կողմիցը. Բայց քեզ չի մոտենա։
8 Միայն քո աչքերովը կնայես, եւ ամբարիշտների հատուցումը կտեսնես։
9 Որովհետեւ դու ես, Տեր, իմ հույսը. Դու Բարձրյալին քեզ ապավեն արիր.
10 Քեզ չար բան չի հասնի. եւ նեղություն չի մոտենա քո բնակարանին։
11 Որովհետեւ իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում։
12 նրանք ձեռների վրա կառնեն քեզ, որ քո ոտը քարի չդպցնես։
13 Առյուծների եւ իժերի վրա կգնաս. Առյուծի կորյուններին եւ վիշապին ոտով կոխ կտաս։
14 Որովհետեւ նա ինձ ցանկացավ՝ եւ ես կփրկեմ նրան. Ես բարձր կանեմ նորան, որ նա ճանաչում է իմ անունը։
15 Նա կկանչի դեպի ինձ՝ եւ ես կլսեմ նրան. ես նրա հետ կլինեմ նեղության մեջ. կապրեցնեմ նրան եւ փառաւոր կանեմ նրան։
16 Երկար օրերով կկշտացնեմ նրան. եւ իմ փրկությունը ցույց կտամ նրան։