Սիրիացի ապստամբները նախագահին 25 մլն դոլար են գնահատել
Սիրիայի ապստամբների Ազատագրական բանակը 25 մլն դոլար պարգեւ է առաջարկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին “ողջ կամ մահացած” հանձնելու դիմաց, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:
Ինչպես հայտնել է ապստամբների հրամանատարներից մեկը, առաջին հերթին պարգեւատրման մասին առաջարկությունն ուղարկվել է նախագահի շրջապատի անդամներին: Նրա խոսքով` խոստացված գումարը պատրաստ են վճարել Ազատագրական բանակին աջակցող ինչ-որ գործարարներ:
Սիրիայի հակամարտության ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ ալ-Ասադի համար գլխագին են առաջարկում: 2012-ի մայիսին սաուդյան հայտնի կրոնական գործիչ Ալի ալ-Ռաբիեին 450 հազար դոլար էր խոստացել սիրիական նախագահի սպանության համար: Նա հայտարարել էր, որ “ալ-Ասադը մարդասպան է, ում հանցանքները ցնցել են ողջ աշխարհը”:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ հակամարտությունը շարունակվում է 2011-ի մարտից: Ըստ ապստամբների` այս ընթացքում նրա զոհն է դարձել 27 հազար մարդ: