Կենտրոնական բանկը կանխատեսում է էական փոփոխություն. Հայկական Ժամանակ
ՀՀ կենտրոնական բանկը կանխատեսում է էական գնան: Արդեն առաջիկայում, ինչպես նշված Է ԿԲ-ի 2017 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, գների աճին կնպաստեն մի քանի գործոններ:
Ըստ ԿԲ-ի, հասարակության մոտ նկատվում Է «կարճաժամկետ գնաճային սպասումների աճ, ինչին նպաստում են շուկայում որոշ առաջնային սպառման ապրանքների բարձր գնաճի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը եւ հնչեցվող տարատեսակ մեկնաբանությունները»: Հասկանալի Է, որ խոսքը մասնավորապես վերաբերվում Է կարագի, մեղմ ասած, թանկացմանը:
Հաջորդ գործոնը, որը կարող Է նպաստել գնաճին, պայմանավորված Է Հայաստանի ԵՏՍ անդամակցությամբ եւ հարկային նոր օրենսգրքի որոշ դրույթներով: ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրով սահմանված էր մոտ 800 անուն ապրանք, որոնց նկատմամբ երրորդ երկրներից Հայաստան ներմուծելիս ժամանակավորապես չէին գործում ԵՏՄ-ի բարձր մաքսատուրքերը: Հունվարի 1-ից այդ ապրանքներից որոշների մաքսատուրքը կբարձրանա: Խոսքը վերաբերում է հիմնականում թռչնի մսին: Այստեղ կունենանք մաքսատուրքի մոտ 4 տոկոսի աճ: Կբարձրանա նաեւ դեղագործական որոշ տեսակների մաքսատուրքերը մոտ 2 տոկոսով: Մանածագործական իրերի խմբում էլ որոշ ապրանքների մաքսատուրքը կաճի մոտ 3 տոկոսով:
Հարկային նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու հետեւանքով մի քանի ապրանքատեսակներ կթանկանան ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հետեւանքով: Եթե, օրինակ, ծխախոտի կամ օղու թանկացումը կարելի է նորմալ, ինչ- որ տեղ նույնիսկ դրական երեւույթ համարել, ապա նույնը հնարավոր չէ ասել բենզինի ու սեղմված բնական գազի (ավտո- գազի) պարագայում:
Եթե ներկայումս 1000 լիտր բենզինի ակցիզային հարկը 25 հազար դրամ է, ապա հունվարի 1-ից կդառնա 40 հազար դրամ: Սեղմված գազի պարագայում ներկայումս ակցիզային հարկ չկա, իսկ հունվարի 1-ից յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի պարագայում կգործի 25 հազար դրամի ակցիզային հարկ:
Սա կբերի նրան, որ մեկ լիտր բենզինի գինը կբարձրանա մոտ 15 դրամով, գազի մեկ «զապռավկան» մարդատար մեքենաների դեպքում՝ 500-800 դրամով, իսկ
բեռնատարների, միկրոավտոբուսների, ավտոբուսների դեպքում՝ մի քանի անգամ ավելի շատ: Իսկ սա արդեն, մեղմ ասած, էական ճնշում կառաջացնի թե ուղեվորափոխադրումների, եւ թե բեռնափոխադրումների գների վրա: Դժվար չէ կռահելը, որ երթուղային տաքսիների ուղեվարձի բարձրացման հարցը կրկին կսրվի:
Կա եւս մի գործոն, որը, ըստ ԿԲ-ի կանխատեսումների, կարող է նպաստել գնաճին: Դա բնակչության գնողունակության աճն է: Հայտնի չէ, թե որքանով են ճիշտ ԿԲ-ի ձեռքի տակ եղած վիճակագրական տվյալները: Եթե նման կանխատեսում անելիս ԿԲ-ն դիտարկել է ներմուծման ծավալների եւ մանրածախ առեւտրի տվյալները, որոնք անցած տարվա համեմատ երկնիշ աճ են արձանագրում,ապա բացառված չէ, որ կանխատեսումը սխալ լինի:
Խնդիրն այն է, որ թե ներմուծման, եւ թե մանրածախ առեւտրի աճի հիմքում ամենայն հավանականությամբ իրական տվյալներ չեն: Այդ աճի մեծագույն մասը պայմանավորված է ստվերի կրճատմամբ: Այսինքն, այդ ապրանքները գրեթե նույն ծավալներով նախկինում էլ էին ներկրվում, բայց չէին արձանագրվում սահմանին, իսկ հետագայում նույն ծավալներով վաճառվում էին նաեւ ներքին շուկայում, ու էլի դա չէր արձանագրվում: Հիմա էականորեն ավելի շատ է արձանագրվում, եւ գրանցված աճը հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, պայմանավորված է հենց դրանով:
Թե որքանով են ճիշտ ԿԲ-ի կանխատեսումները, կերեւա հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Ըստ այդ կանխատեսումների, միայն վերը նշված գործոնների ազդեցությունը գնաճի վրա նշված ժամանակահատվածում կլինի կես տոկոսից էլ ցածր:
Այլ հրապարակումներին ծնոթացեք թերթի այս համարում: