Միայն մեկ օրում մարզերում ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորվել է 350 մարդ
Դեկտեմբերի 2-3-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով սեմինար-վարժանքը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։
Սեմինարի բանախոսների կողմից կարևորվել է ՄԻԱՎ կարգավիճակն իմանալը և ինքնաթեստավորման հնարավորությունը։ Ըստ այդմ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի աջակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսված է, որ կինքնաթեստավորվի 15000 մարդ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների համակարգող Արգամ Արշակյանը նշում է, որ միայն դեկտեմբերի 1-ին ՀՀ բոլոր մարզերում ինքնաթեստավորվել է մոտ 350 երիտասարդ/միգրանտ։ Ամենից շատ ինքնաթեստավորվել են Գեղարքունիքի մարզում, որտեղ ի դեպ միգրացիայի ամենամեծ ցուցանիշն է։ Ինքնաթեստավորվողները մեծ թիվ են կազմում նաև Սյունիքի մարզում։ Արգամ Արշակյանը նկատում է, որ մարզերում մարդիկ հետաքրքրված են. Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոններ դիմում են սպասվածից շատ։ Նա նաև տեղեկացրեց, որ ՄԻԱՎ կարգավիճակը ստուգելու մասին մարդկանց տեղեկացնում են ինչպես հիմնադրամի մարզային կենտրոնների կամավորները, այնպես էլ փորձում են իրազեկել մարզային լրատվամիջոցներով։