Շաբոյանը` Համաշխարհային բանկի դեմ
”Զեկույցում տեղ գտած արտահայտությունները իրականությանը չի համապատասխանում և սխալ է, որովհետև այն ցուցանիշները որոնք հրապարակել է համաշխարհային բանկը, հրապարակել է 2009-2010 թվականների հիման վրա”,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` խոսելով Համաշխարհային բանկի զեկույցի մասին:
Նշենք, որ ըստ ”Հայաստանի Հանրապետություն. կուտակում, մրցակցություն և կապ՛՛ զեկույցի` Հայաստանում շուկաների 19%-ում իշխում են մենաշնորհները: Մենաշնորհացման աստիճանով Հայաստանը միանձնյա առաջատար է ԱՊՀ-ում ու Արևելյան Եվրոպայում՝ զգալի առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող Ղրղզստանից (մենաշնորհացման աստիճանը՝ 16%):
”Պաշտոնապես հայտարարում եմ` 2013 թվականի ցուցանիշներով համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված մրցունակության ինդեքսում երեք ցուցանիշներով` Հայաստանը բավականին առաջ է գնացել և ԱՊՀ երկրների շարքում առաջատարն է հանդիսանում: Իսկ ՀԲ-ի զեկույցի ցուցանիշները 2009-2010 թթ-ին են վերաբերում”,-նշեց նա: Բացի այդ, ըստ Շաբոյանի, զեկույցում բավականին մեթոդաբանական խնդիրներ կան: ”Որոշ շուկաներում կա կենտրոնացվածության բարձր աստիճան, սակայն մեր օրենսդրոuթյունը թույլ է տալիս գերիշխող դիրքի առկայություն, մենք չենք պայքարում կենտրոնացվածության, գերիշխող դիրքի առկայության դեմ: Ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհում մրցակցության մարմինների խնդիրը հանդիսանում է պայքարել չարաշահումների դեմ”,-շեշտեց նա:
ՏՄՊՊՀ նախագահը հավելեց, որ մեր օրենսդրական փոփոխությունները կատարված են ՀԲ-ի առաջարկություններով, և այդ բոլոր դրույթները համապատասխանեցված են միջազգային օրենսդրությանը: ”Համաշխարհային բանկի զեկույցում բավականին սխալ դատողություններ կան, բավականին մեթոդաբանական ոչ հիմնավորումներ կան”:
Արտակ Շաբոյանը հայտնեց նաև, որ այդ զելույցը մինչև հիմա իրենց չի ներկայացվել: ”Մենք հիմա գրավոր դիրքորոշում ենք պատրաստել բոլոր այդ կետերի խնդիրների վերաբերյալ և ուղարկում ենք ՀԲ` ակնկալելով նրանց պատասխանը”,-եզրափակեց նա: