Կայացավ միջնադարագիտական 3-րդ երիտասարդական գիտաժողովը
Սույն թվականի նոյեմբերի 28-30-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ միջնադարագիտական 3-րդ երիտասարդական գիտաժողովը, որը կազմակերպել էր «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն (ՄԵԳՄ):
Գիտաժողովին մասնակցեցին շուրջ չորս տասնյակ երիտասարդ հետազոտողներ՝ գիտությունների թեկնածուներ, ասպիրանտներ, հայցորդներ և բարձր կուրսերի ուսանողներ հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական տարբեր հաստատություններից՝ Մատենադարանից, ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից, ԳԱԱ ինստիտուտներից, Ազգային արխիվից, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Ժնևի, Միլանի, Երուսաղեմի համալասարաններից, Մոսկվայից: Մատենադարանի այս գիտաժողովն առանձնանում է իր բնույթով, քանի որ այստեղ իբրև առաջնահերթություն սահմանված են միջնադարագիտական թեմաները՝ նվիրված հայոց լեզվին և գրականությանը, ձեռագրագիտությանը, վիմագրությանը, պատմությանը, աստվածաբանությանը, բժշկությանը, երաժշտությանը և այլն:
Եռօրյա գիտաժողովն անցավ աշխատանքային ջերմ մթնոլորտում, բոլոր նիստերն էլ աչքի ընկան գիտական աշխույժ քննարկումներով ու հարցերի առատությամբ: Այս տեսանկյունից հատկանշելի է արդեն ավանդույթի վերածված ու շատ կարևոր մի հանգամանք՝ Մատենադարանի ավագ սերդի անվանի ու բազմափորձ գիտնականների մշտական ներկայությունն ու օգտակար խորհուրդներով երիտասարդ հետազոտողներին քաջալերումը. տարբեր զեկուցողներ նույնիսկ համագործակցության առաջարկներ ստացան, ծնվեցին նոր գաղափարներ, որոնք ժամանակ անց անպայման իրենց պտուղը կտան: Իսկ մինչ այդ, Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ առաջիկայում լույս կտեսնի նաև գիտաժողովի նյութերի ժողովածուն, որը կարևոր ներդրում կլինի երիտասարդ հետազոտողների գիտական կենսագրում:
Գիտաժողովի փակմանը՝ նոյեմբերի 30-ին, Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը կարևորեց ՄԵԳՄ-ի 3-րդ գիտաժողովը և հույս հայտնեց, որ գալիք տարվա գիտաժողովը նույնքան ակտիվ ու արդյունավետ կլինի, իսկ ՄԵԳՄ-ի նախագահ Խաչիկ Հարությունյանն էլ իր երախտագիտության խոսքն ուղղեց Մատենադարանի ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ իրենց հարուստ փորձն ու գիտելիքը երիտասարդներին սիրով փոխանցելու և նրանց աջակցելու համար: