Երկու նախագահ, երեք վարչապետ…
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովի նիստin շնորհակալություն հայտնեց պատգամավորներին արդյունավետ քննարկումների համար: Նա նշեց, որ բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել պատգամավորների կողմից, դրանք քննարկվել են և շատ առաջարկներ ընդունվել են, իսկ 27%-ը մերժվել է:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս բյուջեի առանձնաահատկությունը նախ և առաջ պայմանավորված է Մաքսային միությանն անդամակցելով: Ըստ այդմ՝ միջազգային պայմանագրեր են կնքվելու ու բազմաթիվ փոփոխություններ են լինելու: Վարչապետը նկատեց, որ մի շարք ոլորտներում դրական առաջընթաց է լինելու, իսկ վերջին տարիներին շոշափելի արդյունքներ են կոնյակագործության, գինեգործության և այլ ոլորտներում:
Ապա վարչապետն անդրադարձավ մի քանի օրից ներդրվող Պարտադիր կուտակային կենսաթոաշակային համակարգին. ՛՛Համակարգի վրա աշխատել են երկու նախագահներ, երեք վարչապետներ, չորս կոալիցիոն գործընկերներ, միջազգային կազմակերպություններ ու աշխարհի լավագույն փորձագետներ: Տեղի են ունեցել քննարկումներ, նախագահի մոտ ընդլայնված նիստ, որին մասնակցում էին կոալիցիոն գործընկերներ ու մասնագետներ՛՛:
Գործադիրի ղեկավարը նկատեց, որ հաջորդ տարի նախատեսվում է շուրջ 510 հազար թոշակառուների կենսաթոշակների բարձրացում՝ միջին կենսաթոշակը կավելանա 15%-ով՝ 31 հազարից հասնելով 36 հազար դրամի:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ դա բավարար չէ արժանապատիվ ծերություն ապահովելու համար, և բացի այդ Հայաստանում որպես ծերացող հասարակություն ունեցող երկիր, շեշտակի ավելանալու է թոշակառուների թիվը, իսկ սա նշանակում է , որ պետական բյուջեի վրա սոցիալական ծախսերի բեռը տարեց տարի ավելանալու է:
՛՛Սա բնորոշ չէ միայն ՀՀ-ին: Այս դարի մարտահրավերներից մեկը կենսաթոշակային ճգնաժամն է, որն առաջին հերթին ծանրանում է այն երկրների վրա, որտեղ բնակչության ծերացման խնդիրներ կան՛՛,-շեշտեց Տ. Սարգսյանը: Այս համակարգի համար հատկացվել է 20 միլիարդ դրամ: Համակարգի ներդրման քննարկումները զարկ տվեցին քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու էլ ավելի զարգացմանը, համոզված է Սարգսյանը՝ հավելելով, որ շատերը դժգոհ են այս համակարգից, սակայն յուրաքանչյուր ռեֆորմ վարքագծային կանոների փոփոխություն է ենթադրում, որը հեշտ չէ տրվում: ՛՛Մեր քաղաքացիները դրական են գնահատելու պարտադիր կուտակային համակարգի ներդրումը՛՛:
Երեկ վարչապետը հանդիպել է ՏՏ ոլորտի երիտասարդներին, ովքեր բացասական էին վերաբերում այս նախագծին: Ասաց՝ երկուսուկես ժամ քննարկվել է այս համակարգը և ՏՏ մասնագետներին հուզող հարցերի պատասխանները տրվել են: