Արդարադատության նախարարը պատասխանում է կաշառակերության մասին ՄԻՊ-ի մեղադրանքներին /վիդեո/
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցին, որը վերաբերում էր արդար դատաքննության իրավունքին:
Նախ նախարարը իր եւ Արծրուն Պեպանյանի կողմից կազմված ” Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին” գրքի շնորհանդեսում մեջբերեց Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դատավորների մասին գրած երկից մի հատված՝ զուգահեռ անց կացնելով ՄԻՊ-ի զեկույցի հետ:
Հրայր Թովմասյանը նշեց, թե չէր ուզենա, որ Կարեն Անդրեասյանի զեկույցը լինի “ասում են…” շարքից:
” Չի կարելի այդ մակարդակում ասել բաներ, որոնք իրավական հետեւանքներ չունեն: Ես ուզում եմ ՄԻՊ-ի ասածը հիմնված չլինի առօրյա դիտարկումների վրա: Ասում են՝ դատավորը փող է վերցնում, ասում են, որ առաջին ատյանում այսքան է … Այսինքն՝ խորը վերլուծություններ լինեն, եւ դրանք տրամադրվեն այն մարմիններին, որոնք դրանց հետ պիտի աշխատեն”,-ասաց Թովմասյանը:
Հրայր Թովմասյանի համոզմամբ, դատարաններում առկա իրավիճակը կաշկանդում է հասարակության բոլոր ոլորտների զարգացումը: “Արդարության բաղադրատոմսի պակաս կա, եւ դատաիրավական բարեփոխումները պիտի նպաստեն դրա ավելացմանը՞,-ասաց նա:
Հրայր Թովմասյանը կարծում է, որ Կարեն Անդրեասյանը ազնիվ նկրտումներով է զեկույցը կազմել, սրտացավ է համակարգի նկատմամբ:
“Էլի եմ կրկնում, եթե լինեն կոնկրետ անուններ՝ կոնկրետ փաստերով, ապա դատախազությունը կզբաղվի”,-եզրափակեց արդարադատության նախարարը:
Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում: