06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ժառանգություն”-ը բացասական է գնահատում

 “Ժառանգություն” կուսակցությունը դատապարտում է Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը եւ խորին ափսոսանք է հայտնում, որ դրա արդյունքում Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի վիլնյուսյան գագաթաժողովում չկայացավ երեքեւկես տարի բանակցված Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: “Ժառանգությունը” գոհացուցիչ չի համարում Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը: Կուսակցությունը ողջունում է Վիլնյուսի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրը, այդ փաստաթղթում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների հետագա սերտացում նախատեսող դրույթները:

 Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վիլնյուսյան գագաթաժողովին հետեւած այցի կապակցությամբ տարակուսելի էին ՌԴ ռազմակայանից մեկնարկած այդ այցը պետական կոչելը, ինչպես նաեւ հայ-ռուսական “դարավոր բարեկամության” մասին հայտարարությունները, երբ Հայաստանի երեքհազարամյա պատմության մեջ Ռուսաստանի ներկայությունը հազիվ երկու դար է կազմում, ներառում է գաղութատիրության հատված եւ լի է ցավալի էջերով: Տարակուսելի էր նաեւ, որ Հայաստանում գտնվող Վ.Պուտինը, չնայած ռազմավարական դաշնակցության մասին պնդումներին եւ ի հեճուկս ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի, խուսափեց Հայաստանի հանդեպ ոտնձգությունները Ռուսաստանի ազգային անվտանգության դեմ քայլեր որակելուց: Համոզիչ չեն Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու մտահոգությունների մասին նախագահ Պուտինի հայտարարությունները, երբ ՌԴ-ն տնտեսական շահերի վկայաբերմամբ մեծաքանակ զենք է մատակարարում տարածաշրջանային կայունությանը մարտահրավեր նետող Ադրբեջանին:

 Բացասական ենք գնահատում հայրենի իշխանությունների կողմից ՌԴ նախագահի այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը` ՀայՌուսգազարդի 20% բաժնեմասը պարտքի դիմաց հանձնելուց մինչեւ հանրակրթության ոլորտում համագործակցության հուշագիր: Դատապարտում ենք խաբեությունը, որով հանուն 2012-13-ի ընտրությունների իշխանությունները միտումնաբար թաքցրեցին գազի թանկացումը եւ կուտակեցին պարտքեր: Ողջունում ենք Հայաստանին բնական գազ մատակարարելու՝ Իրանի պատրաստակամությունը եւ պահանջում ենք ՀՀ դե ֆակտո իշխանություններից անմիջապես բանակցություններ սկսել այդ ուղղությամբ:

“Ժառանգությունն” իր զորակցությունը եւ համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդի պայքարին, բազմամիլիոնանոց հանրահավաքների մասնակիցներին:

 “Ժառանգությունը” համարում է, որ ԵՄ-Ռուսաստան գլոբալ դիմակայության վերածվող զարգացումների մեջ ոչ թե հանգամանքները պետք է խափանեն Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը, այլ ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի, հասարակական դաշտի համախմբումն ու հետեւողական պայքարը ետ պահեն երկիրն այդ անհեռանկար միությունից եւ ուղուց: 

 “Ժառանգություն” կուսակցություն

9 դեկտեմբերի 2013թ.

Երեւան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ