Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության
Դեկտեմբերի 6-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան կազմակերպեց «Ընտանեկան բռնության մասին օրենքը. Վրաստանի հաջողված փորձը» խորագրով հանդիպում: Հանդիպմանը հրավիրված էին Վրաստանի Ներքին գործերի նախարարության պարեկային բաժնի ներկայացուցիչ, պարեկային տեսուչ Նինո Գվինիանիձեն և Ընդդեմ բռնության Վրաստանի ցանցի նախագահ Նատո Շավլակաձեն:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի կառավարության, ոստիկանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Վրացի գործընկերները ներկայացրեցին Ընտանեկան բռնության մասին օրենքի ադվոկացիայի, ընդունման և գործարկման իրենց փորձը: Հայաստանի ներկայացուցիչները ևս կիսվեցին իրենց փորձով և վեր հանեցին այն խնդիրները, որոնց բախվում են իրենց աշխատանքի ընթացքում: Տեղի ունեցավ փորձի փոխանակման հաջողված հանդիպում:
Վրացի գործընկերները հայտնեցին, որ 2008 թվականին Վրաստանում ընդունվել է ընտանեկան բռնության մասին օրենքը: Օրենքի ընդունման արդյունքում երկրում ընտանեկան բռնությունից տուժած անձանց համար արդեն գործում են երեք պետական ապաստարաններ:
Վրաստանում ընտանեկան բռնության դեմ օրենքը նպաստեց հասարակության մեջ բռնությունը դատապարտող մշակույթի ձևավորմանը, բռնարարների մոտ անպատժելի մնալու համոզման վերացմանը և բռնությունից տուժածի պաշտպանվածության զգացումի ամրապնդմանը:
Օրենքի ընդունումը նպաստեց նաև պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների համագործակցության կայացմանը:
Հայ գործընկերներին շատ հետաքրքիր էր, թե ինչպես է լուծվել Ընտանեկան բռնության և այլ օրենքների միջև տարաձայնությունները: Հիշեցնենք, որ Հայաստանում օրենքը առկախվեց ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, քանի որ համարվեց, որ այն հակասում է սեփականության իրավունքին. բռնարարին չեն կարող զրկել սեփականությունից՝ նրան տանից դուրս հանելով, ինչպես առաջարկում էր ընտանեկան բռնության մասին օրենքը: Այս ձևով կանխարգելվում էր բռնության շարունակականությունը: Վրաստանում ևս այս բանավեճը տեղի է ունեցել, սակայն այն հարթվել է պարզաբանմամբ, որ բռնարարը ոչ թե զրկվում է իր սեփականությունից, այլ հեռացվում է որոշակի ժամանակահատվածով՝ որպես պատժամիջոց: Այս դեպքում կինը երեխաների հետ տնից հեռանալու և ապաստարան փնտրելու կարիք չունի:
Վրացի գործընկերները նաև նշեցին, որ օրենքը դեռևս լրացումների կարիք ունի, բայց ամենակարևոր քայլն արված է՝ Ընտանեկան բռնության մասին օրենքը ընդունված է Վրաստանում: Նրանք կոչ արեցին հայ գործընկերներին շարունակել աշխատել Հայաստանում օրենքի ընդունման վրա: