57-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 16-ամյա աղջկան բռնաբարելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով 57-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ անչափահասին բռնաբարելու կասկածանքով։
2017թ. նոյեմբերի 14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի անչափահաս բնակչուհին ենթարկվել է սեռական բռնության։ Վերջինս ժամը 20:40-ի սահմաններում գրավոր հաղորդում է ներկայացրել՝ մատնանշելով ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, դեպքի վայրը և օրը։
Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքեր և ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով հասուն տղամարդ է՝ ծնված 1960 թ., ձերբակալվել է՝ անչափահասին բռնաբարելու կասկածանքով։ Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե