07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր.Զարուհի Փոստանջյան

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթը Ազգային ժողովի հայտարարությունների ժամին.

“Ռուսաստանի Դաշնության կայսերական նոր տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ հաղորդվեցին Պուտինի այցով Գյումրիի ռուսական ռազմաբազա` քեմալա-բոլշեւիկյան սահման:

Զավեշտ է, երբ Հայաստանի Հանրապետությունում դրածոները քարոզչության միջոցով փորձեցին Պուտինի այցը ներկայացնել իբրեւ պետական այց, այն դեպքում, երբ նա առաջինը այցելեց ռազմաբազա, որի տարածքը  նվիրաբերվել էր դրածոների կողմից:

Փաստացի` Պուտինի այցի նպատակը ոչ թե իրավահավասար պետությունների միջեւ տեղի ունեցող պետական այց էր, այլ նպատակ ուներ բավարարելու  կայսերական անհույս նկրտումները, որի սպասարկման պարտականությունը ստանձնել էր Սերժ Սարգսյանը:

Խորհրդային Միության անկումից տարիներ առաջ կայսրության փլուզման մասին  բարձրաձայնում էին շատերը: Այդպես էլ եղավ:

Ռուսաստանը՝ Խորհրդային Միության անկումից հետո դասեր չքաղելով արատավոր եւ ի սկզբանե դատապարտված համակարգի շահագործումից չհրաժարվելով, շարունակեց շահագործել այն ՌԴ-ում, որի տնտեսությունը բնութագրվում է երեք բառով`  “խողովակ եւ այն սպասարկող մարդկանց” տնտեսություն:  ՌԴ-ում  ընթացող բոլոր պրոցեսները, եթե շարունակվեն նույն մակարդակով մոտակա 10 տարիների ընթացքում, ապա կանխատեսվում է ՌԴ-ի աշխարհագրական քարտեզի հսկայածավալ փոփոխություն,  ՌԴ-ի մասնատում:

Մաքսային եւ Եվրասիական միությունների իրագործումը նախկին խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի մասնակցությամբ, Ռուսաստանի պետական կառավարման եւ տնտեսական մոդելի այս պայմաններում անհնար է: 

Այսօր Ռուսաստանի համար կարեւոր է ձեռք բերել ու պահել իր զարգացման դրական դինամիկան եւ իրականացնել արդյունավետ պետական կառավարում ՌԴ-ի ներկայիս սահմաններում:

Կայսերական նացիոնալիզմով եւ ռուսական շովինիզմով առաջնորդվողների համար նման նպատակի իրագործումը թվում է շատ համեստ ցանկություն, սակայն հենց այս հարցի լուծումից է կախված` արդյոք 10 տարի հետո ՌԴ-ն կլինի, թե ոչ, մինչդեռ այդ նպատակին հասնելն այսօր արդեն գրեթե անհնար է: 

Հայաստանի եւ Ռուսաստանի “դարավոր եղբայրական” հարաբերություններում կրկին նախանշվում է ճշմարտության պահը, երբ պատմական առասպելները եւ ցանկությունները գալիս են փոխարինելու իրականությանը՝  Մոսկվան  Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր եւ միշտ վստահ է եղել, որ հայերի հետ չի ունենալու որեւէ խնդիր:

Վերջին 20 տարիների ընթացքում, երբ ամբողջ աշխարհում տեղի է ունենում նոր քաղաքակրթության ձեւավորում եւ պայքար քաղաքակրթությունների միջեւ, պուտինյան Ռուսաստանը եւ նրա ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը շարունակում է գործել հին խորհրդային կայսրության տրամաբանության ներքո, որը անխուսափելիորեն գրանցելու է պարտություն, իսկ հայ ժողովրդի հավաքական կամքի դրսեւորման դեպքում, ինչպես 20 տարի առաջ կրկին նոր բեկում մեր ժողովրդի պատմության մեջ”:

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ