Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել հաշմանդմաների օրվա կապակցությամբ
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/taron_1386079596.jpg)
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ. “Սիրելի բարեկամներ,
1992 թվականից դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: Այս օրը եւս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին սեւեռելու եւ հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված նոր ծրագրեր կազմելու համար:
Երեւանի քաղաքապետարանն իր հերթին եւս փորձում է հետզհետե կյանքի կոչել ծրագրեր, որոնք հնարավորություն կտան մայրաքաղաքն առավել մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների համար:
Վստահ եմ՝ բոլորդ եք նկատել, որ հատկապես այս տարի մենք որոշակի աշխատանքներ իրականացրինք Երեւանի փողոցներում, մայթերին, ինչպես նաեւ նորոգված պուրակներում ու հասարակական այլ վայրերում թեքահարթակների կառուցման ուղղությամբ:
Ի դեպ, այս տարի առաջին անգամ հատուկ այդ նպատակով մենք նաեւ համայնքային բյուջեից միջոցներ հատկացրինք, ինչը սակայն բավարար համարել, անշուշտ, չենք կարող:
Այդուամենայնիվ արձանագրենք, որ առաջին քայլն արված է ու, որ շատ ավելի կարեւոր է, այն լինելու է շարունակական, ընդ որում, ոչ միայն թեքահարթակների կառուցման, այլեւ մի շարք այլ ուղղություններով:
Սիրելի բարեկամներ,
Համոզված եղեք, որ ձեզ հուզող խնդիրները քաղաքապետարանի եւ անձամբ իմ մշտական ուշադրության կենտրոնում են եւ մենք անում ենք հնարավորը՝ դրանց շուտափույթ լուծում տալու ուղղությամբ: Քաջառողջություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին”: