Բոլորն են կորցնում
՛՛Միշտ բարձր ղեկավարների գալով՝ ժողովուրդը սպասելիքներ է ունենում: Ինչպես միշտ սպասելիքները դրական են: Հատկապես մենք՝ հայերս, միշտ մտածում ենք, որ լավ կլինի՛՛,-հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին մասնակցություն բերած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսպես պատասխանեց Henaran.am-ի հարցին՝ ինչ կտա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան:
՛՛Իհարկե պետք է ինչ-որ փոփոխություններ լինեն, որովհետև ինքը գալիս է, դա արդեն ինչ-որ դրական երևույթ է: Կան շատ շատ ծրագրեր, որ պետք է իրականացվեն, և այս ֆորումը իր դերն ու նշանակությունը ունի, որովհետև բավական մեծ քանակությամբ գործարարներ են գալիս՝ հեղինակավոր մարդիկ, օլիգարխներ և այլն՛՛:
Արա Աբրահամյանի խոսքով՝ հայ և ռուս գործարարները պետք է համագործակցեն, բանակցեն: ՛՛Մեր բիզնեսմենները պետք է հասկանան, թե որտեղ է իրենց շահը, ինչն է իրենց միացնում, որտեղ կարող են միասին համագործակցել ու շահավետ աշխատել՛՛:
Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Ռուսաստանի հայերի միության նախագահը նշեց, որ գործընթացը սկսվել է, մարդիկ աշխատում են, քննարկումներ են ընթանում:
Հարցին, թե դա մեր երկրի շահերից է բխում, Աբրահամյանը արձագանքեց. ՛՛Էմոցիոնալ չի կարելի խոսել, բայց որ մեր երկրի շահերից է ելնելու, դա միանշանակ: Նախագահը առաջին հերթին նայում է իր երկրի շահին՛՛:
Իսկ արդյոք չի ափսոսում, որ ԵՄ-ի հետ երկարատեւ բանակցությունների արդյունքում որևէ համաձայնագիր չստորագրվեց Հայաստանի հետ. ՛՛Եթե մի դրական բան ասեք, որ բանակցել են ու հաջողության են հասել, ես կհայտնեմ ափսոսանք, բայց ի՞նչին ափսոսանք, եթե ոչ մեկին ոչ մի թուղթ չեն տվել, ոչ մեկ չգիտի՝ ինչի մասին է խոսքը, ինչին ափսոսանք՛՛,-նշեց գործարարը:
Դիտարկմանը, թե Մաքսային միության փաստաթղթերը ևս դեռ չեն հրապարակվել, Աբրահամյանը պատասխանեց. ՛՛Չէ, բոլորն էլ տեսել են. բոլորը այդ մասին ասում են՛՛: Աբրահամյանը վստահեցրեց, որ այս փաստաթղթերն հօգուտ Հայաստանի են: Նրա խոսքով՝ ՄՄ-ը չի վերածվելու ԽՍՀՄ-ի և որեւէ մեկն այդ ուղղությամբ աշխատանքներ չի տանում:
Ինչ վերաբերում է Հայաստանի ինքնիշխանության կորստի շուրջ տեսակետներին: Արա Աբրահամյանը հորդորեց ուշադրություն դարձնել եվրոպական երկրներին և ընդգծեց, որ այս իմաստով համեմատել չի կարելի:
՛՛Վերցրեք մի որևիցե երկիր՝ Խորվաթիան, Բուլղարիան, Ռումինիան, տեսեք՝ իրենք ինչ են կորցրել, ու մենք ինչ ենք կորցնում: Ամեն ինչ համեմատության մեջ է, Ռուսաստանն էլ է կորցնում, մեզ հետ միանալով, մենք էլ՝ իր հետ միանալով: Բայց դա ավելի քիչ է, քան եթե Եվրոպայի հետ միանայինք՛՛: